Լուսավոր Հայաստան խմբակցությունը որևէ մեկի ծրագիրը առաջ չի տանում.Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Լուսավոր Հայաստան խմբակցությունը որևէ մեկի ծրագիրը առաջ չի տանում: Այս մասին  ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով այն գնահատականներին, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու նախագիծը իշխանության ծրագիրն է:

Նշենք, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագիծը:

«Մենք ունենք մեր օրակարգը, և այս նախագիծը ներկայացնելը տրամաբանական շարունակությունն էր այն բանի, որ մենք առաջարկում էինք, որ ուժային կառույցները դառնան նախարարություններ և տեղափոխվեն ԱԺ վերահսկողության դաշտ, քանի որ մինչ այսօր՝ անկախ նրանից, թե ինչ չափանիշներով են ընտրվել թեկնածուները, ընտրության գլխավոր չափանիշը եղել է քաղաքական նպատակահարմարությունը»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե այս չափանիշը չգործեր, ապա այսօր նախկին ոստիկանապետը, ԱԱԾ պետը կմնային իրենց պաշտոններում. «Այս պատճառով առաջարկում ենք, որ այդ պաշտոնյաները ընտրվեն այն չափանիշներով, ինչ չափանիշներով որ ընտրվում են պատգամավորները»:

Ինչ վերաբերում է նրան, որ նախագիծը ԱԱԾ պետի հրաժարականից հետո ընդունվեց և այս ֆոնին ընկալվում է որպես իշխանությանը ձեռնտու նախագիծ, Անի Սամսոնյանն ասաց, որ այս նախագծի շուրջ իրենք աշխատել են գրեթե 3-4 չորս ամիս, իսկ ԱԱԾ պետը նոր է հրաժարական տվել:

«Եթե դուք ԱԱԾ պետին 3-4 ամիս առաջ հարցնեիք, թե հրաժարական տալու է, թե ոչ, ինքը կասեր՝ ոչ, քանի որ ինքը գալիս էր բյուջեի կատարողականներին և մեզ պատմում էր ԱԱԾ-ում իր ծրագրերի մասին»,-ասաց Սամսոնյանը և նշեց, որ իրենց նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը և ԱԱԾ պետի հրաժարականը պատահական համընկնում են, ուրիշ ոչինչ:

«Մենք վտանգ չենք տեսնում, ընդհակառակը՝ եթե նախագիծը ընդունվի, ապա այնուհետև այն պաշտոնյաները, որոնք կընտրվեն որպես ԱԱԾ պետ և ոստիկանապետ, կկրեն քաղաքական պատասխանատվություն և սա բնական է, առօրեական է, քանի որ, նորից եմ կրկնում, այդ պաշտոններում ընտվում են մարդիկ քաղաքական նպատակահարմարություններով»,-ասաց նա:

Պատգամավորը նախագծի խեղաթյուրում համարեց այն մտահոգությունը, թե իշխանությունը ում ուզի, կարող է նշանակել այս պաշտոններին. «Նախ ում ուզեն, չեն կարող նշանակալել, դա նախագծի խեղաթյուրում է, քանի որ ով ուզի, պատգամավոր չի կարող դառնալ, վարչապետ չի կարող դառնալ, և մենք պարզապես ուզում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները համապատասխանեն այդ չափանիշներին: Մենք չենք ելնում այն բանից, որ երբևէ կունենանք այնքան անադեկվատ իշխանություն, որ կնշանակի այդ պաշտոններում մարդկանց, ովքեր չեն համապատասխանում չափանիշներին, անընդունակ են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները

x