ԲՀԿ-ն առաջարկում է ավելացնել փորձագետների քանակը խմբակցություններում |24news.am|

24news.am։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկում է ավելացնել փորձագետների քանակն ԱԺ խմբակցությունների համար:

ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը պատգամավորը նկատեց, որ գործող կարգավորման համաձայն՝ 14-ից ավելի պատգամավոր ունենալու դեպքում ֆրակցիային 4 փորձագետ է բաժին հասնում, մինչդեռ ԲՀԿ-ն առաջարկում է ևս մեկ փորձագետի հաստիք ավելացնել յուրաքանչյուր ֆրակցիայի համար:

«Մենք մի իրավիճակում ենք, երբ թե՛ կառավարությունից, թե՛ խմբակցություններից օրենսդրական նախաձեռնություններն, օրենքներն ու օրենքների նախագծերը որակապես բավականին մեծ տարբերություն ունեն նախկինից, որովհետև այսօր մենք շատ ակտիվ բարեփոխումների փուլում ենք բոլոր ուղղություններով:

Փորձագետների այն քանակը, որը կա, ֆիզիկապես չի հասցնում օրենքների ու օրենսդրական նախաձեռնությունների այն ծավալի հետ աշխատել, որոնք գալիս են կառավարությունից կամ մշակվում են խմբակցությունների կողմից: Նախագծի միակ նպատակը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է», - ասաց Աբովյանը:

Անդրադառնալով պետբյուջեի վրա նստող բեռին՝ Աբովյանն ասաց, որ 3 խմբակցությունների դեպքում այն տարեկան 15-21 մլն դրամ կարժենա։

x