322 մլն դրամանոց գույքը պետությանն է վաճառվել 1.24 միլիարդ դրամով. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեում գտնվող 1719.96 ք/մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հեկտար չկառուցապատված հողամասը 2017թ. պետությանն օտարելու վերաբերյալ փաստաթղթղերը:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով վերաբերելի տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կադաստրի կոմիտեից և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշմամբ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և «Դ...» ՍՊԸ-ի միջև կնքվել է հրաժարագնի պայմանագիր:

Դրանով 2015թ. սեպտեմբերին տրամադրված բյուջետային վարկային պարտավորության մասնակի մարման դիմաց ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վերոնշյալ հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասն օտարվել են պետությանը՝ 2017թ. նոյեմբերի դրությամբ 1.240.423.000 դրամ գնահատված շուկայական արժեքով, որն ամրակցվել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

Պարզվել է, որ ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման և վերը նշված գույքի գնի սահմանման համար հիմք է հանդիսացել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից կազմված և գլխավոր տնօրենի կողմից հաստատված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը:

Հատկանշական է, որ նշված հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության որոշումն ընդունվելուց ընդամնեը մեկ օր առաջ։ Ընդ որում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2019թ. ապրիլի 25-ից 26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում՝ ՀԲ թիմը վերոնշյալ տարածքը համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար նպատահարմար չի համարել։

Նախարարության պատվերով 2019թ. իրականացվել է նշված գույքի շուկայական արժեքի գնահատում, որի վերաբերյալ հաշվետվության համաձայն տարածքի և դրան հարակից չկառուցապատված հողամասի շուկայական արժեքը կազմում է ընդամենը 321.700.000 դրամ, այսինքն պետությանն օտարված արժեքից 918.723.000 դրամ պակաս։

Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նշված շենքում գտնվող 1-ին հարկի կամ նկուղային այլ տարածքներ օտարվել են 1 ք/մ-ն ընդամենը 162.000-ից առավելագույնը մինչև 217.000 ՀՀ դրամ գնով: Մինչդեռ նշված հասարակական նշանակության տարածքը, որի հարկայնությունը կադաստրի տվյալներով նշված է նկուղային, 2017թ. նոյեմբեր ամսին պետության կարիքների համար օտարվել է 1 ք/մ-ն մոտ 600.000 դրամով։

Նշված փաստերը վկայում են, որ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվության տվյալները իրականությանը չեն համապատասխանում։

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կառավարության 09.11.2017թ. որոշման նախագիծը, որով կատարվել է օտարումը, ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից:

Այսպիսով, 2017թ.-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձի կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հաստատվել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ փաստաթուղթ՝ շուկայական արժեքի գնահատման հաշվետվություն:

Դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել անարժանահավատ տվյալներ: Արդյունքում շուրջ 321.700.000 դրամ շուկայական արժեք ունեցող անշարժ գույքը, իբր պետական կարիքների համար, պետությանն օտարվել է 1.240.423.000 դրամ պարտավորության դիմաց, այսինքն շուկայական գնից շուրջ երեք անգամ ավելի գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստական հանգամանքներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

x