Գյուղացիները պահանջում են շուրջ 40 դրամով ավելի գին սահմանել. Սասունիկում խաղողի մթերման հարցը բարձրացվեց |shantnews.am|

shantnews.am: Սասունիկում ընթացող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովի ժամանակ հարց ուղղվեց գինու գործարաններից մեկի համասեփականատեր Վահագն Մկրտչյանին՝ խաղողի գնի վերաբերյալ:

«Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր գյուղում, որտեղ բարձր սորտի խաղող է արտադրվում, գյուղացիները աղմուկ են բարձրացնում, վերջին հայտարարություններն ասում են՝ թյուր ինֆորմացիայի ներկայացման արդյունք է, ասում են, որ այս տարի գինը շատ ավելի ցածր է, և պահանջում են շուրջ 40 դրամով ավելի գին ստանալ խաղողի դիմաց: Ուզում եմ, որ իրավիճակը պարզաբանեք նաև՝ թե նախորդ տարվա, թե դրան նախորդող»,- հետաքրքրվեցին դահլիճից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես վերջին կառավարության նիստին, այնպես էլ համաժողովի բացման ժամանակ հայտարարեց, որ այս տարի գյուղացիները խաղողի բերքի իրացման վերաբերյալ դժգոհություններ չեն արտահայտում:

Գործարարը հարցին պատասխանեց.

«Մարդը ցանկանում է՝ ինչքան հնարավոր է՝ շատ փող ստանա, բայց որ գնամ կառավարություն, ասեմ՝ խի՞ է խաղողը սենց, ի՞նչ կապ ունի կառավարությունը: Գործարար է, խաղող է արտադրում, ես էլ գինի, ի՞նչ կապ ունի պետությունը, սա սովետիզմից մնացած բան է»:

Նա հայտնեց, որ իրենք շարունակում են նորմալ կատարել իրենց պայմանագրային պարտավարությունները:

x