«Գները որոշ դեպքերում տնտեսական առումով կասկածի տեղիք են տալիս, քանի որ շատ են իջեցվել»․Գեղամ Գևորգյանը Հայաստանում ԱԳԼՃԿ-ների մասին |lragir.am|

lragir.am: Հայաստանում ԱԳԼՃԿ-ների ոլորտում գերիշխող դիրք ունեցող չկա, բայց գների դինամիկան հետաքրքիր միտում է դրսևորում: Մասնավորևապես, գները որոշ դեպքերում տնտեսական առումով կասկածի տեղիք են տալիս, քանի որ շատ են իջեցվել: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ինքարժեքի հաշվարկի պարագայում դժվարանում ենք տնտեսական առումով հիմնավորել այդ տվյալ ԱԳԼՃԿ-ների կողմից գազի վաճառքի գները: Հիմա մենք կոնկրետ ամեն մի ԱԳԼՃԿ-ում, որտեղ նախնական խնդիր ենք տեսնում, արդեն անհատական ուսումնասիրություն՝ վարույթ ենք իրականացնում»,- ասաց նա:

ՏՄՊՊՀ-ն այս փուլում ուսումնասիրություններ է իրականացնում նաև բենզինի շուկայում, և մինչ տարեվերջ Ազգային ժողով ու հանրությանը կներկայացնի արդյունքները:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ Հայաստան բենզին ներկրվում է հիմնականում Ռուսաստանից՝ Ռոսնեֆտ ընկերությունից: 2018 թվականին ներմուծվել է 154 հազար 665 տոննա բենզին: Այստեղ խաղացողները հիմնականում ՍԻ ՓԻ ԷՍ, Ֆլեշ ու Մաքս Գրուպ ընկերություններն են: Շուկայում, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, կենտրանացվածությունը մեծ է:

«Մենք կներկայացնենք շուկայի կենտրոնացվածության աստիճանը: Այս շուկայում միանգամից դրական դինամիկա ակնկալել սխալ է, բայց որակական ու քանակական ստուգումներ կլինեն, ցանցերի կառուցվածքը ձեզ կներկայացվի, բացահայտված խնդիրների հիման վրա հետագա քայերը կներկայացնենք հանրությանը»,- հավելեց նա:

x