Միայն երեք մարզում ՋՕԸ-երի գործունեության վերաբերյալ հարուցվել է 9 քրեական գործ |hetq.am|

hetq.am։ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի ՋՕԸ-ների վերաբերյալ 2018-2019թթ. ընթացքում իրավապահ մարմինների կողմից հարուցվել է 9 քրեական գործ: Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ նշված քրեական գործերից երեքը միացվել են մեկ վարույթում։

Ուշագրավն այն է, որ նախնական հաշվարկներով պետությանը հասցված վնասը կազմում է մոտ 2 մլրդ 589 մլն դրամ, սակայն ոչ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կա, հետևաբար ոչ էլ վնասն է հատուցվել:

Արմավիրի մարզ

Այս տարվա մարտի 21-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքի առթիվ։

Նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 1 մլրդ 65 մլն դրամ, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ։

Մյուս քրեական գործը հարուցվել է ավելի վաղ՝ 2018թ. ապրիլի 3-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ «Շենիկ» ՋՕԸ-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է:

Պատճառված վնասի չափը և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական գործողություններ։

Արարատի մարզ

2018թ. նոյեմբերի 5-ին Վեդիի քննչական բաժնում՝ «Արարատ» ՋՕԸ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է մոտ 127 մլն դրամ, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է։

2018թ. նոյեմբերի 22-ին մարզում ՋՕԸ-երի հետ կապված հարուցվել է միանգամից երկու քրեական գործ: Մեկը հարուցվել է Արարատի մարզային քննչական վարչությունում՝ «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու՝ պետությանը մոտ 1 մլրդ 306 մլն դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Այստեղ նույնպես պետությանը պատճառված վնասը նախնական է, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է։

Հաջորդ քրեական գործը նույն օրը հարուցվել է Արարատի մարզի դատախազությունում՝ դարձյալ «Արտաշատ» ՋՕԸ-ի պատասխանատու աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառե ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշներով:

Պետությանը պատճառվել է մոտ 11 մլն դրամի gույքային վնաս: Գումարի չափը նախնական է, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է։

Շարունակությունը՝ hetq.am

x