ՊԵԿ-ը պետք է տրամադրի, թե ինչ տեղեկատվություն ունեն սիգի արտահանման ծավալների մասին․ Էրիկ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հայտարարություններին, որ Սեւանում երբևէ բնապահպանական տեսչական մարմինը համալիր ստուգումներ չի անցկացրել, նշեց․

«2012 թվականին կատարվել են ստուգումներ, որոնք ես ասացի, թե ինչպես են ընթացել։ Նաև 2018-ին կրկին ստուգումներ են եղել Սեւան ազգային պարկում։ Այդ ամբողջ ստուգումները ներկայացվել են տեսչական նախկին պետ Արթուր Գրիգորյանին։ Պարզել էինք, որ վերջին տարիներին Սեւան ազգային պարկում մոտ 50 քրեական գործեր են հարուցվել՝ տարբեր գործողությունների մասով։ Ինչպես նաև հենց հիմա կան քննչական գործառույթներ՝ մաքրման աշխատանքների հետ կապված։ Բոլոր տեղեկատվությունը, որ ունենում ենք, իրավապահ մարմիններին ենք փոխանցում։ Տեսչական մարմինի նախկին ղեկավարի որոշ օրինակների մասով, ես կարծում եմ, որ դրա ուղիղ ճանապարհը դատախազություն ու իրավապահ մարմիներն են, պետք է հաղորդագրություններ տալ հանցագործության մասին»,- ասաց նա։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին պետ Արթուր Գրիգորյանը նշել էր նաև, որ հերիք չէ ապօրինի որս է տեղի ունենում և տեղի է ունենում նաև դրա մեծածավալ արտահանում։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ սիգի որսի հետ կապված իրենք դիմել են ՊԵԿ-ին։

«ՊԵԿ-ը պետք է տրամադրի, թե ինչ տեղեկատվություն ունեն սիգի արտահանման ծավալների մասին։ Սիգի պահածոների վերաբերյալ մեզ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, նաև առանձին հանդիպում ենք ունեցել՝ հասկանալու համար իրավական հիմքերը, որովհետև կարծում ենք, որ եթե որսը արգելված է, ապա վաճառքի հետ կապված սահմանափակումներ ևս պետք է լինեն։ Տեսչական մարմնի կողմից մենք ստացել ենք առաջարկություն, որ օրենսդրական փոփոխություն կատարվի և որսի հետ մեկտեղ արգելվի նաև վաճառքը։ Քանի որ որսն արգելվում է, բայց ապօրինի որս են կատարում և շուկայում է հայտնվում սիգը»,- ասաց նա։

x