Ստամբուլի կոնվենցիան պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, թե կանայք զիջում են տղամարդկանց |armtimes.com|

armtimes.com։ Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան կամ Ստամբուլյան կոնվենցիան․ այն ստորագրվել է 2011 թվականին՝ Ստամբուլում։

Այս կոնվենցիան, ըստ էության, պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, թե կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ կարծրատիպերը, սովորություններն ու ավանդույթները դեռեւս առաջնային դեր են տալիս տղամարդուն, մասնավորապես, հանրային, քաղաքական կյանքում, կրթական համակարգում, աշխատանքում։

Կոնվենցիան խնդրի կարգավորման համար համալիր գործողությունների շարք է առաջարկում՝ կարգավորել օրենսդրությունը, ստեղծել ապաստարաններ եւ օգնության հեռախոսահամարներ եւ այլն։

Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել են՝ 11-ը, այդ թվում՝ Հայաստանը, իսկ Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ստորագրել այն, Բուլղարիան էլ կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։
Ըստ կոնվենցիայի՝ այս փաստաթուղթը վավերացրած կառավարությունները պետք է ձեռնարկեն համապարփակ միջոցներ՝ կանխելու կանանց նկատմամբ ու ընտանեկան բռնության բոլոր ձեւերի դեմ պայքարելու համար։

Սա նշանակում է՝ կանխարգելել բռնության առաջացումը, զոհերին տրամադրել օգնություն ու ապահովել, որ մեղավորները կանգնեն արդարադատության առաջ։ Այն պահանջում է կանանց եւ ընտանեկան բռնության տարբեր տեսակի գործողությունների քրեականացում, օրինակ ընտանեկան բռնություն, սեռական ոտնձգություն, հոգեբանական բռնություն։

Կոնվենցիայի ընդդիմախոսներն այն համարում են հակասահմանադրական՝ պնդելով, որ դրանում կան վիճահարույց սահմանումներ, օրինակ, կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանում, գենդերային ինքնություն եւ այլն։

Ի դեպ՝ խեղաթյուրող ընկալումներին վերջ դնելու համար Եվրոպայի խորհուրդը 2018 թվականին հստակեցրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Ստամբուլի կոնվենցիան։ Տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ կոնվենցիան ուղղված է ընդամենը կանանց ու աղջիկներին բռնությունից պաշտպանելուն ու ոչ այլ ինչ։

Այս հայտարարության մեջ ասված էր, որ փաստաթուղթն ընդհանրապես չի վերաբերում կանանց ու տղամարդկանց միջեւ սեռական տարբերությունների վերացմանը եւ որ կոնվենցիան երբեք չի ենթադրում, որ կանայք ու տղամարդիկ կան կամ պետք է լինեն «նույնը»։

Բայց այս կոնվենցիան պահանջում է գործողություններ՝ հակազդելու այն գաղափարին, որ կանայք զիջում են տղամարդկանց, քանի որ կարծրատիպերը, սովորություններն ու ավանդույթները դեռեւս առաջնային դեր են տալիս տղամարդուն, մասնավորապես, հանրային, քաղաքական կյանքում, կրթական համակարգում, աշխատանքում։

Հայաստանում էլ տարբեր շրջանակներ եւս պնդում են, թե կոնվենցիան հակասում է մեր Սահմանադրությանը, մասնավորապես այն առումով, որ փաստաթղթում արձանագրված է՝ պետք է արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր այն երեւույթները, որոնք հիմնված են կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

Կոնվենցիայի այս դրույթը, ըստ որոշ մեկնաբանությունների, խնդրահարույց է, քանի որ սովորույթների եւ ավանդույթների համակարգի միջոցով յուրաքանչյուր ժողովուրդ վերարտադրում է իրեն, իր մշակույթը, բնավորությունը, սերունդների հոգեբանությունը եւ այլն։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւս այն կարծիքին է, որ փորձում են կոնվենցիան ներկայացնել շատ հասարակ ու անվտանգ, բայց սատանան հենց այդ մանրուքներում է թաքնված․

«Ինչ է ասում կոնվենցիան․ կանխարգելենք բռնությունը կանանց եւ երեխաների հանդեպ։ Փայլուն է, կարծում եմ՝ ոչ մի ադեկվատ եւ նորմալ մարդ չի կարող ողջունել բռնությունը»,- մեր զրույցումա սաց Աբովյանը՝ նշելով, որ ինքը համոզված է՝ կոնվենցիան բուն նպատակին չի ծառայելու․

«Դա կլինի ընդամենը մի «տրոյական ձի»՝ խաբեության միջոց, որը կգցվի հայկական իրականություն։ Պարզ է, որ դրանից հետո այս հուզական թեման փորձելու են օգտագործել՝ «առաջադեմ» նորմաները Հայաստան ներմուծելու համար։ Ընդհանուր փաստաթղի բովանդակությունն ու դրա որոշակի դրույթներ չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիների շահերին։ Շատ սիրուն փաթեթավորում է, բայց ի՞նչ է ասում, թվարկում է բռնության տեսակները․ ֆիզիկական, սեռական, հոգեբանական եւ տնտեսական։

Հոգեբանական բռնության չափանիշը ո՞րն է, ի՞նչ ենք մենք հասկանում, ամեն երկիր ունի իր առնձնահատկությունը։ Այն, ինչ մենք համարում ենք բռնություն Հայաստանում, կարող է բնավ բռնություն չի համարվում եվրոպական պետություններում, եւ հակառակը։ Ենթադրենք՝ երեխա է, ասում ես՝ դու պետք է անես քո դասերը, դա բռնությո՞ւն է»։

Արման Աբովյանն ասաց, որ ինքը եւ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորները երբեւէ չեն թաքցրել եւ չեն թաքցնելու, որ պայքարելու են, որպեսզի հայկական ավանդույթները, հայկական եկեղեցին, հայկական ոգին, հայկական ամեն ինչը ունենա վճռական դեր թե՛ երեխաների դաստիարակության, թե՛ հասարակության ձեւավորման մեջ։

Պատգամավորը կարծում է, որ կա ակնհայտ վտանգ, որ կոնվենցիայի որոշակի դրույթները կվտանգեն ազգային ինչ-որ շահերի, եւ դրանք ոչնչացնում են այն ամենը, ինչ մեզ դարձնում է հայ։ Հարցին՝ կոնկրետ ո՞ր դրույթն է խնդրահարույց, որտեղ է թաքնված սատանան, ինչպես ինքն է նշում, Արման Աբովյանը պատասխանեց՝ գենդեր բառը․

«Երբ նպատակային խեղաթյուրվում է կին եւ տղամարդ հասկացությունը։ Բոլոր մարդիկ, իհարկե, ունեն հավասար իրավունքներ, սակայն հայկական իսկական, լավ իմաստով՝ ավանդական ընտանիքում տղամարդու եւ կնոջ դերակատարումը տարբեր է։ Կինը չի կարող դառնալ տղամարդ, տղամարդը չի կարող դառնալ կին»։

Մեր դիտարկմանը, որ կոնվենցիան խոսում է հանրության մեջ կնոջ եւ տղամարդու դերերի մասին, այլ ոչ թե այդ սեռերի նույնացման կամ վերացման, Արման Աբովյանն արձագանքեց, որ կոնվենցիան տալիս է տարընթերցումների առիթ։ Պատգամավորի խոսքով՝ յուրաքանչյուր փաստաթուղթ, որը Հայաստանը ստորագրում եւ վավերացնում է, պետք է հստակ հասկանալի լինի, իսկ Ստամբուլյան կոնվենցիան ունի որոշակի քողարկված կետեր, եւ փաստաթուղթը չի արտացոլում մեր ազգային շահերն ու հեռանկարը։ Արման Աբովյանը մեր զրույցում ասաց, որ եթե մենք իրականում բռնության կանխարգելման մեր ազգային կոնցեպտը պետք է ունենաք։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ կոնվենցիայում խոսվում է սեռերի «նույնացման» մասին։ Բացի այդ, նա նկատեց, որ կոնվենցիան 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից կառավարությունում զեկուցվեց ընդամենը 40 վայրկյանի ընթացքում, ապա 2018-ին շատ արագ կերպով ստորագրվեց, եւ դրանից հետո նախկին իշխանությունը, բնականաբար, վավերացնելու էր փաստաթուղթը։

Արփի Դավոյանի կարծիքով՝ կոնվենցիայի ընդդիմախոսների խնդիրն այն է, որ քաղաքական մեծամասնությունը փոխվել է, եւ ՀՀԿ-ի ժամանակ ստորագրված այս փաստաթղթի հետ հետագա աշխատանքը տանելու են ներկա իշխանությունները։

«Բայց հիմա առկա սուր քննադատություններն ու մեկնաբանություններն առնվազն անհասկանալի են։ Կոնվենցիայում բացառապես կանանց հանդեպ բռնության եւ ընտանեկան բռնության մասին է խոսվում, նաեւ դրանց կանխարգելման։ Ուղղակի մենք պետք է հասկանանք վավերացնելու դեպքում մեր օրենքները ինչպես են աշխատելու այս փաստաթղթի հետ»,-ասաց Դավոյանը։

 

Ավելին՝ armtimes.com-ում

x