Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են Վճռաբեկ դատարան ու մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին |hetq.am|

hetq.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերը բողոքարկվել են վճռաբեկ դատարան և մակագրվել դատավոր Սամվել Օհանյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշավարությամբ ազատ արձակելու, ինչպես նաև Քոչարյանի մասնակցությամբ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները:

Դատարանը թեև որոշել է գործն ուղարկել առաջին ատյան` նոր քննության, գործի նյութերը պահվում էին վերաքննիչ դատարանում: Դատավոր Արմեն Դանիելյանի աշխատակազմից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ գործն առաջին ատյանի դատարան չի ուղարկվում, քանի որ դեռևս չեն սպառվել դատական ակտերի բողոքարկման ժամկետները:

Կապ հաստատեցինք Արմեն Դանիելյանի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե վճռաբեկ բողոքները ներկայացվելուց հետո գործի նյութերն արդյոք ուղարկվե՞լ են վճռաբեկ դատարան: Տևական ժամանակ մեր զանգերն անպատասխան մնացին, ապա պատասխանեց դատավոր Արմեն Դանիելյանը:

«Դատավորն օրենքով սահմանված կարգով ինչպես պահանջվում է, այդպես էլ վարվել է, շնորհակալություն, ցտեսություն»,- ասաց Դանիելյանը` չպատախանելով այլ հարցերի:

Նշենք, որ Մարտի 1-ից անջատված մասի գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

x