Ջրային կոմիտեի մոտ 5 միլիարդ դրամ պարտքի պատճառով ՋՕ-երի աշխատակիցները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 10-ի տվյալներով՝ Հայաստանի 15 ջրօգտագործողների միություն մոտ 4 միլիարդ 87 միլիոն դրամի պարտք ունեն, որտեղ առանձնացված են Էլեկտրաներգիան, աշխատավարձերը, շահագործման ծախսերն ու հարկային պարտավորությունները: Դրա հետ կապված ՋՕ-երում ամիսներ շարունակ աշխատավարձի խնդիր կա, հոսանքի անջատումներ եւ այլն:

Հուլիսի 22-ին հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Տավուշ ՋՕ-ի աշխատակիցները: «Տավուշ ՋՕ»-ի պետ Գագիկ Վերանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 4-րդ ամիսն է՝ ՋՕ-ի անձնակազմը, այդ թվում եւ ինքը՝ աշխատավարձ չեն ստացել:

Ջրային կոմիտեի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման պատասխանատու Աննա Մարգարյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ Ջրային կոմիտեն որոշման նախագիծ էր ներկայացրել ՀՀ կառավարություն, որը հուլիսի 4-ի նիստում հաստատվել է: Կառավարությունը Ջրային կոմիտեին է հատկացրել 4 միլիարդ 87 միլիոն դրամի չափով գումար:

«Նախարարի հրամանով՝ ՋՕ-երին տրվող գումարն ըստ չափաքանակի պետք է բաշխվեր: Քանի որ նախորդ տարիների պրակտիկան դառը հետեւանքներ է թողել: Մենք հատուկ հանձնարարական էինք ստացել, որ պետք է ուսումնասիրել ՋՕ-երի առանձին ծախսերը, ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որպեսզի հասկանանք, թե ինչ նպատակների է ծառայեցվում պետության կողմից տրվող գումարը»,-ասաց Աննա Մարգարյանը:

Ջրային կոմիտեի ֆինանսական պատասխանատուի խոսքով՝ ՋՕ-երի գումարի ուշացման պատճառը ընթացակարնգն է եղել, քանի որ նախ, ՋՕ-երի հետ պայամանգիր է կնքվում, ապա հայտեր են ներկայացվում ֆինանսների նախարարություն, որտեղից հաստատում են եւ նոր ՋԿ-ն իրավունք է ստանում գումարներ հատկացնել:

«Պարտքերի պատճառով ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել, դրա համար ոչ մի ՋՕ չի կարողացել գումարներ վճարել, որովհետեւ փոխանցելու դեպքում էլ ԴԱՀԿ-ն պարտքն է գանձել: Այժմ, երբ Ջրային կոմիտեն հարկային պարտավորություններն է տալիս, ԴԱՀԿ-ի որոշումը կարճվել է, հաշիվները բացվել են, այդ խնդիրը լուծված է»,- ասաց Աննա Մարգարյանը:

x