Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել դեսպանների որդիները |hetq.am|

hetq.am։ «Հետքը» շարունակում է անդրադառնալ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման խնդրին: Այս անգամ կներկայացնենք նախկին ու ներկա դեսպանների որդիների զինծառայությունից ազատման հիմքերը: Տեղեկացնենք, որ դեսպանների որդիները հիմնականում կամ այլ երկրի քաղաքացիություն ունեն, կամ էլ հաշվառված չեն ընտրողների ռեգիստրում:

Բացի ընտրողների ռեգիստրից գոյություն ունի բնակչության պետական ռեգիստր, որը սակայն հանրային չէ, և քաղաքացու հաշվառման հասցեն հնարավոր չէ իմանալ առանց վերջինիս իմացության ու համաձայնության: Դեսպանների որդիների մեջ կան նաև այնպիսիք, որ հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում կամ հաշվառված են այլ երկրում՝ ունենալով ՀՀ անձնագիր (օրենքը նման հնարավորություն ընձեռում է), ինչը թույլ չի տալիս բաց աղբյուրների շնորհիվ գտնել նրանց մասին տեղեկատվություն և դիմել Պաշտպանության նախարարություն:

Ներկայացնենք այն դեսպանների՝ զինծառայությունից ազատված որդիների տվյալները, որոնք բաց աղբյուրների շնորհիվ գտել ենք:

Պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատվել է արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի որդին՝ 31-ամյա Նարեկ Ադոնցը: Ավետ Ադոնցը փոխնախարար է նշանակվել այս տարվա փետրվարին, 2014-2019 թվականներին եղել է Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Ինչպես մեզ հայտնեց փոխնախարար Ադոնցը՝ որդին զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով: Ուսումնառության ընթացքում տարկետումներ է ստացել, տնտեսական գիտությունների թեկնածու է:

ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, Եգիպտոսի Հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մելքոնյանի որդին՝ 37-ամյա Աշոտ Մելքոնյանը, զինծառայությունից ազատվել է գիտական աստիճան ունենալու հիմքով:

«Որդիս բակալավրիատն ու մագիստրատուրան սովորել է արաբագիտության բաժնում, ապա ընդունվել ասպիրանտուրա՝ սկզբում Դամասկոսում, հետո տեղափոխվել Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա: Ասպիրանտուրան ավարտելիս պաշտպանել է գիտական թեզ, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և օրենքին համապատասխան ազատվել զինվորական ծառայությունից: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել մինչև իմ դեսպան դառնալը»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի որդին՝ 28-ամյա Ալֆրեդ Սադոյանը, ևս ուսումնառության հիմքով է ազատվել զինծառայությունից:

«Որդիս միջնակարգ դպրոցն ավարտել է 2007 թվականին, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 2011 թվականին: Նույն թվականին ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա «Իրավագիտություն» մասնագիտությամբ, որն ավարտել է 2013 թվականին: Նույն թվականին ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ սովորել է մինչև 2016 թվականը: 2016-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, և Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) նրան շնորհել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,- ասված է դեսպան Ռուբեն Սադոյանից ստացված հարցման պատասխանում:

Վրաստանում ՀՀ դեսպանատնից ուղարկել են նաև Ալֆրեդ Սադոյանի ավարտական բոլոր փաստաթղթերը և գիտությունների թեկնածուի վկայագիրը:

Ռուբեն Սադոյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2017 թվականին՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Երկուսն էլ՝ գիտական աստիճան ունենալու հիմքով: Ավագ որդին՝ Կառլեն Գալոյանը, տնտեսագիտության թեկնածու է, կրտսեր որդին՝ Կարեն Գալոյանը՝ քաղաքական գիտությունների թեկնածու:

Աշոտ Գալոյանը Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2014 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի որդին՝ Տիգրան Պողոսյանը, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակում վճարել է սահմանված տուգանքը և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Դեսպան Պողոսյանը հարցման պատասխանում հայտնել է, որ որդին դեռ մանկության տարիներից ապրել է Ճապոնիայում, միջնակարգ կրթությունը ստացել է Ճապոնիայում, սովորել է նաև ԱՄՆ-ում, իսկ բարձրագույն կրթություն ստացել է եվրոպական համալսարաններից մեկում:

«Երբ լրացել էր Տիգրանի զորակոչային տարիքը, և նա արդեն սովորում էր Ֆրանկլին քոլեջ-համալսարանում, նա Կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 706 որոշմամբ ստացավ 3 տարով տարկետում: Մինչև նշված տարկետման ավարտը ՀՀ օրենսդրությունում փոփոխվեց օտարերկրյա պետությունների բուհերում ՀՀ քաղաքացիներին զորակոչից տարկետում տալու կարգը, ապա ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը: Իր 27-ամյա տարեդարձը նշելուց անմիջապես հետո Տիգրանը մեկնեց Հայաստան, և համաձայն վերոնշյալ օրենքի՝ մուծելով համապատասխան վճար՝ ստացավ իր զինվորական գրքույկը և մինչ օրս հաշվառված է պահեստազորում»,- ասված է դեսպան Պողոսյանից ստացված հարցման պատասխանում:

Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սահմանում է, որ հայտարարված զորակոչից խուսափած անձը, վճարելով օրենքով նախատեսված համապատասխան տույժը, իրավունք ունի հետ վերադառնալ Հայաստան՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Դեսպան Պողոսյանն իր պարզաբանման մեջ նշել է, որ որդին տարկետման իրավունք է ստացել, սակայն հետագայում օրենսդրության մեջ փոփոխություն է եղել, ինչի պատճառով էլ, ըստ էության, որդին հայտարարված զորակոչ(երին) չի ներկայացել:

Հրանտ Պողոսյանը նախ 2012 թվականին նշանակվել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ապա 2014-ին՝ Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Նախկինում տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ Իսրայելի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան), Արմեն Սմբատյանի 2 որդիներն էլ՝ Ալեքսանդր և Սերգեյ Սմբատյանները, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

Դեսպան Սմբատյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ երկու որդիներն էլ գիտությունների թեկնածուներ են՝ առանց այլ մանրամասների:

Սմբատյանի կրտսեր որդին՝ Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր-ղեկավարն է: Ըստ կենսագրական տվյալների՝ 2009 թվականին Սերգեյ Սմբատյանը ստացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի արվեստագիտության թեկնածուի կոչում: 2012 թվականի մայիսին ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան։

Արմեն Սմբատյանը 2014 թվականից մինչ 2018 թվականը եղել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի

խորհրդականը՝ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով: 2018-ին նշանակվել է դեսպանի պաշտոնում:

Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի որդին՝ Մանվել Մովսիսյանը, առողջական հիմքով է ազատվել զինծառայությունից:

Ջիվան Մովսիսյանը Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է 2016 թվականից:

Հնդկաստանի Հանրապետությունում և համատեղության կարգով Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի որդի Դավիթ Մարտիրոսյանը ևս զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով:

Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանի Հանրապետությունում դեսպան է նշանակվել 2015 թվականին, իսկ 2016-ին համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում:

Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանի որդին՝ Տիգրան Մկրտչյանը, մինչ 2019-ի ձմեռային զորակոչ տարկետման իրավունք է ստացել: Մեր հարցմանն ի պատասխան դեսպան Մկրտչյանը հայտնել է, որ որդին տարկետման իրավունք է ստացել ուսումնառության և գիտությամբ զբաղվելու համար:

 

Ավելին՝ hetq.am-ում

 

x