Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան – Հադրութ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երրորդ ճանապարհի կառուցման մասին հայտարարությանը, պնդելով, որ այդպիսով «Երևանը մտադիր է ամրապնդել ստատուս-քվոն, խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը և բռնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:

Վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ծավալուն հայտարարությունը՝ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «առանձնահատուկ ուշադրություն դարձնել օկուպացված տարածքներում բանակցային գործընթացը լրջորեն վնասող գործընթացին»:

«Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է», - նաև ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրերս «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ «շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու»: Խոսքը, մասնավորապես, Կապան֊Հադրութ ճանապարհի մասին է:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքերով ճանապարհի հաշվարկները արդեն կան, հարցը քննարկվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի մակարդակով, և եթե աշխատանքները մեկնարկեն 2020 թվականին, ապա ամենայն հավանականությամբ 2-3 տարում նոր ճանապարհը պատրաստ կլինի:

x