Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, մարդասպանները. Վիկտոր Սողոմոնյան |a1plus.am|

a1plus.am: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում, այն էլ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Անձնական և քաղաքական հաշվեհարդար է, վենդետա է, որը չի տեղավորում իրավական դաշտում: Քրեական գործը, որ սարքվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը՝ ևս: Տեղի ունեցողը որևէ կապ չունի Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հետ»,- ընդգծեց Վիկտոր Սողոմոնյանը:

«Ո՞ւր են Մարտի 1-ի մեղավորները, ո՞ւր են մարդասպանները, բացահայտվե՞լ է գոնե 1 դեպք: Սա ճանապարհ է, որը տանում է ոչ մի տեղ»,- ասում է նա:

Վիկտոր Սողոմոնյանի համոզմամբ՝ գործող իշխանության հայտարարություններն ու գործողությունները հակասում են իրար: «Մենք այն ժամանակ չէինք կարող ենթադրել, որ ապօրինությունները այս աստիճանի են հասնելու։ Ենթադրում եմ, որ եթե ինչ-որ մի գյուղապետ առնչվեր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, հիմա այդ գյուղապետին փոխել էին: Ենթադրում եմ, որ ՄԻԵԴ դատավորներին են մտածում փոխել»,- ասում է նա՝ հավելելով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը այնքան կյանք ունի, ինչքան այս իշխանությունները:

Հիշեցնենք, որ 2018թ․ հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

x