Զորակոչի հետ կապված 90 բողոք է ստացվել |shantnews.am|

shantnews.am: Կենտրոնական հավաքակայանում շարունակվում է ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զորակոչի ընթացքում ստացված զանգերին և բողոքներին:

Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից սկսած՝ զորակոչի կազմակերպմամբ պայմանավորված, ստացել են բազմաթիվ զանգեր «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև բժշկական փորձաքննության կարգի վերաբերյալ են բողոքներ ստացել:

Ըստ նրա՝ զորակոչի կազմակերպման բողոքների թիվը հասնում է 90-ի:

«Յուրաքանչյուր բողոք իրենից ներկայացնում է որոշակի անհանգստություն պարունակող հարցեր, բայց հարցեր կան, որոնք ավելի շատ ծնողական մտահոգության արդյունք են: Օրինակ՝ բժշկական փորձաքննությունների մասով կարող եմ նշել, որ 33 դիմում ունենք, որ վերաբերում էին բժշկական հոդվածներին, թե ինչ սահմանափակումներով է գնալու, կամ նշում էին, որ իրենց ընկալմամբ դա ավելի ծանր հիվանդություն է, քան ֆիքսվել է»,- ասաց Ալիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ եթե տեսնում են, որ հապճեպ է կայացվել որոշումը, պատշաճ ուշադրություն չի դարձվել մեկ այլ բժշկական ակտի, ապա նման դեպքերում, որպես կանոն, միջամտում են:

x