Նավալնիի թունավորումը և 1 373 կալանավորվածները. ինչ տեղի ունեցավ Մոսկվայում |civilnet.am|

civilnet.am: Լրագրող Ալեքսանդր Արտամոնովը Republic.ru կայքում գրում է հանգստյան օրերին Մոսկվայում անցկացված չարտոնված հանրահավաքի, Նավալնիի՝ ալերգիկ ռեակցիայով հիվանդանոց տեղափոխվելու ու առանձնակի խստությամբ կատարված ձերբակալությունների աննախադեպ թվի մասին։

Շաբաթ օրը Մոսկվայի կենտրոնում անցկացվեց չարտոնված հանրահավաք՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավորների անկախ թեկնածուների: Մինչ այն սկսվելն արդեն իսկ պարզ դարձավ, որ ցույցը ցրվելու է ծայրահեղ խստությամբ. Ռուսաստանի հարակից շրջաններից մայրաքաղաքի կենտրոն էին բերվել Ռոսգվարդիայի (ներքին զորքերի) ուժերն ու ոստիկաններ, իսկ առաջին ձերբակալությունները սկսվել էին ցույցի մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Այնուամենայնիվ, չնայած Ռուսաստանի պատմության մեջ չլսված թվով կալանավորներին՝ 1 373 մարդ, բողոքի ցույցերը տևեցին մինչ երեկո: Տվերսկայա փողոցից հեռացված հարյուրավոր ցուցարարներ ինքնաբուխ հավաքվում էին Մոսկվայի կենտրոնական այլ մասերում և շարունակում վանկարկումները։

Քանի դեռ Մոսկվայի կենտրոնը ժողովրդական հանրահավաքների մեջ էր, ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ Ալեքսեյ Նավալնիի հետ, որն իր 30-օրյա կալանքն էր կրում այդ ցույցերի կազմակերպման համար։ Հատուկ կալանքի կենտրոնից [спецприемник - կալանքի վայր Ռուսաստանում, որտեղ պահվում են վարչական իրավախախտումների համար - թրգմ․] նրան «խիստ ալերգիկ ռեակցիայով» տեղափոխեցին Մոսկվայից հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանությունը Նավալնիի բուժող բժիշկներին և լրագրողներին թույլ չէր տալիս մուտք գործել պալատ, իսկ նախորդ գիշեր Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները բռնի ցրել էին նրան ի աջակցություն եկած մարդկանց։ Նավալնիի կողմնակիցները համոզված են, որ նրան թունավորել են:

Ցույցերը քաղաքապետարանի մոտ

  • Հանրահավաքի մեկնարկից առաջ հայտնի դարձավ, որ հարակից շրջաններից Մոսկվայի կենտրոն են բերվում ոստիկանության ու Ռոսգվարդիայի ջոկատներ։ Տվերսկայա փողոցում փակվեցին բոլոր խանութները, անհետացավ բջջային կապը:
  • Առաջինը կալանավորների համար նախատեսված մեքենայում հայտնվեց Կոնստանտին Կոնովալովը, որը ոստիկանության կողմից ձերբակալվեց Տվերսկայա փողոցում, ժամը 11-ի սահմաններում, հանրահավաքի մեկնարկից 3 ժամ առաջ` առավոտյան վազքի ժամանակ: Հետագայում պարզվեց, որ կոտրել են նրա ոտքը: Հանրահավաքի սկզբում ոստիկանությունը ձերբակալեց 60 մարդու, որոնցից շատերը պարզապես անցորդներ էին և առնչություն չունեին հանրահավաքի հետ:
  • Հակադրության հիմնական կետը դարձավ Ստոլեշնիկովի խաչմերուկը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանությունը սկսեց ցուցարարներին հետ մղել դեպի Պետրովկա։ Մի քանի հոգի դաժան ծեծի ենթարկվեց:
  • Դրանից հետո ցուցարարները սկսեցին Մոսկվայի կենտրոնի տարբեր կետերում ինքնաբուխ գործողություններ կազմակերպել: Ժամը 19։00-ին մի քանի հազար մարդ հավաքվեց Տրուբնայա հրապարակում, որտեղ նրանց առաջ հանդես եկան քաղաքային ընտրություններին գրանցվելու մերժում ստացած թեկնածուներ Իվան Ժդանովը և Յուլյա Գալյամինան: Շուտով տարածքը լիովին շղթայվեց ոստիկանության կողմից, որը սկսեց խստորեն ցուցարարներին բերման ենթարկել: Միայն 20։00-ին Տրուբնայան դատարկվեց:
  • Հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը զննություններ անցկացրեց Навальный LIVE տաղավարում և «Դոժդ» հեռուստաալիքում։ «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պերեպելովին կանչեցին քննչական կոմիտե՝ որպես վկա հարցաքննության համար:
  • Ovdinfo.org-ի տվյալներով, ակցիայի արդյունքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 1 373 մարդ, ավելի, քան երբևէ: Կալանավորված անձանց հիմնական մասը մի քանի ժամ անց ազատ է արձակվել, նրանցից ոմանց մասով զեկույց է կազմվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2.5 կետով (մասնակցի կողմից հավաքների ժամանակ սահմանված կարգի խախտում, տուգանք` 10 000-ից մինչև 20 000 ռուբլի), իսկ ոմանք ազատ են արձակվել առանց դրա:
  • Հանրահավաքի մասնակիցների ճշգրիտ թիվը անհնար է հստակեցնել, քանի որ բողոքի ցույցերը ապակենտրոնացված բնույթ էին կրում: Ոստիկանությունը հայտարարում է, որ ակցիային մասնակցել է 3 500 մարդ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ թիվը շատ ավելի մեծ է, ինչին անուղղակի կերպով մատնանշում է կալանավորվածների քանակը: Կազմակերպիչները նշում են 25 000 մարդ:

Նավալնիի թունավորումը

  • Հուլիսի 24-ին Սիմոնովսկու շրջանային դատարանը 30 օրով կալանավորեց Ալեքսեյ Նավալնիին Վարչական օրենսգրքի 8-րդ հոդվածի 20.2 կետի համաձայն` փողոցային գործողությունների կանոնների բազմակի խախտում:
  • Հուլիսի 28-ի կեսօրին հայտնի դարձավ, որ Նավալնիին հատուկ կալանավայրից տեղափոխեցին Մոսկվայի թիվ 64 կլինիկական հիվանդանոց՝ ծանր ալերգիայի ախտանիշներով: Ինչպես նշեց քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, նախկինում նա երբեք ալերգիա չի ունեցել։ Ըստ Նավալնիի բուժող բժիշկ Օլգա Միխայլովայի, Նավալնիի հետ նույն խցում եղած հինգ անձինք, որոնք կերել և խմել են նույն սնունդը, լիովին առողջ են:
  • Հիվանդանոց թույլ չտվեցին մտնել ո՛չ Նավալնիի փաստաբանին, ո՛չ նրա բժիշկներին։ Ավելի ուշ, նրանց թույլ տրվեց դռներից այն կողմ ստուգել նրան։ Բժշկի կարծիքով, Նավալնիի ախտանշանների համադրությունը ցույց է տալիս սուր տոքսիկ կերատո-կոնյուկտիվիտի և դերմատիտի, որոնք թունավորումների հետևանք են:
  • Հուլիսի 28-ի երեկոյան Նավալնիի մի խումբ կողմնակիցներ հավաքվել էին հիվանդանոցի մոտ: Նրանց առանձնակի դաժանությամբ ցրեցին Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները՝ ձերբակալելով 21 մարդու:
  • Հուլիսի 28-29-ի գիշերը հայտնի դարձավ, որ թիվ 64 հիվանդանոցի բժիշկները ախտորոշել են Նավալնիին «angioedema urticaria տեսակի ընդհանրացված ալերգիկ ռեակցիա» և «դեմքի և պարաօրբիտալ շրջանում կոնտակտային դերմատիտ»: Նրանք նաև հայտնել են, որ հիվանդը ավելի լավ է զգում և կարող է դուրս գրվել երկուշաբթի օրը:
x