Նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպանն ինքնաբացարկ կհայտնի նրա գործի վերաբացման բողոքները քննող դատավորին |hetq.am|

hetq.am: Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի պաշտպան Արման Բայադյանն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Հարությունյանի և մյուսների գործը վերաբացելու որոշման դեմ բողոքները քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ գործի վերաբացման դեմ բողոքների գործով դատական նիստ, որի ընթացքում Արման Բայադյանը հարց բարձրացրեց այն մասին, թե ինչպես է Արամ Հարությունյանի բողոքի քննությունը մակագրվել դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Հարկ է նշել, որ դատավոր Բաղդասարյանին մակագրված է եղել Արամ Հարությունյանին կաշառք ստանալու հարցում օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանի բողոքը, որը դարձյալ գործի վերաբացման դեմ է, իսկ նույն որոշման դեմ Արամ Հարությունյանի բողոքը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն այն ուղարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Վերջինս էլ բողոքն ուղարկել է Նելլի Բաղդասարյանին՝ Արաքս Դիլանյանի բողոքի հետ համատեղ քննելու համար: Մեղադրյալների պաշտպաններն այժմ պնդում են, որ տարբեր դատարանների վարույթում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննելու օրենքով նախատեսված ընթացակարգ չկա: 

Այսօրվա դատական նիստին Արման Բայադյանը ցանկանում էր ինքնաբացարկի բանավոր միջնորդություն ներկայացնել դատավորին, վերջինս սակայն պարտադիր համարեց միջնորդությունը գրավոր տարբերակով ներկայացնելը՝ փաստաբանին տրամադրելով 15 րոպե ժամանակ գրավոր տեքստը պատրաստելու համար:

Բայադյանը 15 րոպե անց ասաց, թե չի հասցրել միջնորդությունը գրավոր պատրաստել՝ ևս մեկ անգամ պնդելով, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կարող է ներկայացվել նաև բանավոր: Դատավոր Բաղդասարյանը, սակայն, ավելի քան մեկուկես ամսով հետաձգեց նիստը՝ նշելով, որ պաշտպանին ժամանակ է տրամադրում ինքնաբացարկի միջնորդությունը կազմելու համար: Բացի այդ, Բաղդասարյանը նաև հայտնեց, որ դատարանը գերծանրաբեռնված է: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին:

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տված Սիլվա Համբարձումյանը: Խոսելով գործի քննությունը ձգձգելու պատճառների մասին՝ Համբարձումյանն ասաց, որ պատճառը մեղադրյալների թիվն է:

«Գործով անցնող անձանցից 3-4–ը փախած են՝ այդ թվում Սուրեն Ավագյանը, «Սևանի» հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը։ Գործով միայն մեկն է կալանավորված, մեկը ստորագրությամբ է շրջում Հայաստանում, իսկ կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին, չեն կարողանում գտնել։ Բոլորը պնդում են, որ Արամ Հարությունյանը Հայաստանում է»,- ասաց Սիլվա Համբարձումյանը:
Հարցին, թե ի՞նչ է պատճառը, որ մինչ այս պահը Հարությունյանին չեն հայտնաբերել, Համբարձումյանն ասաց.

«Կարծում եմ նա լավ է թաքնվում, չեմ կարծում, որ իրավապահներն են թերանում, քանի որ սա վարչապետի հանձնարարականն է»:

 

x