Դատական համակարգում բարեփոխումների, դատավորների բարեվարքության մասին օրինագծերը պատրաստ են և դրվել են հանրային քննարկման

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես և խոստացել էի, Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Դրա ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը:

Իսկ թե Նախագծերով ի՞նչ կարգավորումներ ենք նախատեսել, դրանք կարող եք գտնել մեր պաշտոնական կայքում: Ակնկալում եմ շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ ոլորտը բարեփոխելու համար լավագույն լուծումները մշակելու նպատակով:»

 

 

x