Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ․ Արթուր Վանեցյան |lragir.am|

lragir.am։ «Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել իմ հրաժարականի տեքստը, այդ տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Լրագրողները հարցրին՝ գիտակցո՞ւմ է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արել, նա ասաց, որ գիտակցում է և իր բոլոր քայլերն անում է շատ գիտակցված ու մտածված:

«Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է:

Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն: Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, թե պետք է պարզել՝ ով է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ նկատի ունենալով կոռուպցիոն շրջանակներին՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա:

Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող են փորձել կապել դրանց հետ: Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»:

Նա նշեց, որ վարչապետի հետ ունեցել է շատ լավ հարաբերություններ, աշխատել են շատ լավ:

Հարցին, թե քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ունի՞, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ երբ ընդունել է հրաժարական տալու որոշումը, չի խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: «Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ: Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ: Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ»,- հավելեց նա:

«Ես միշտ արել եմ այնպիսի գործեր, որ չամաչեմ քայլել Երևանի փողոցներում, չեմ արել մի բան, որից ամաչում եմ: Ես գլուխս բարձր շարունակելու եմ ապրել ու շրջել Երևանում»,- ասաց Վանեցյանը:

x