Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու. Գլխավոր դատախազ |lragir.am|

lragir.am։ Նախկին ոտսիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի մեկի գործով ցուցմունքը հրապարակված է, դա քրեական գործով նյութն է, այլ նյութ դատարանի վարույթում գտնվող քրեական գործով չկա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այլ խնդիր է, որ Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան և ցուցմունք էր տալու, այսինքն՝ հարցեր էին հնչելու նաև դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող վարկածին, թե Մարտի մեկի գործով Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ էին գործադրվում, որում շոշափվում է նաև իր և ՀՔԾ պետի անունը, դատախազն ասաց. «Որևէ ողջամիտ մարդ այդ վարկածը լսելիս շատ լավ իմացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»:

Ըստ Արթուր Դավթյանի՝ Գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետն առհասարակ չեն կարող որևէ քրեական գործով շփվել վկաների հետ, առավել ևս ճնշումներ գործադրել նրանց վրա: Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտի, որ դա անհնար է, իսկ Գլխավոր դատախազի պաշտոնը և իրավական, և բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»:

Արթուր Դավթյանն անդրադարձավ հարցին, որ Մարտի մեկի գործով վկաների անվտանգությունը պետք է պահպանվի, ասաց, որ դա իսկապես շատ լուրջ խնդիր է: «Մեր երկրում այդ ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտություն ունենք:

Մենք տարիներ շարունակ Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ենք այդպիսի անվտանգության միջոցներ, բայց դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել, գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայում օրենսդրական համապատասխան փաթեթն առկա է արդեն, և հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները»,- նշեց նա:

Հարցին, թե Մարտի մեկի մյուս վկաների մասով ի՞նչ միջոցառումներ են պատրաստվում ձեռնարկել, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևելու, ձեռնարկելու միջոցներ, որպեսզի եթե որևէ անձի նկատմամբ լինեն ճնշումներ, դրանք բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի:

x