ԱԺ-ն քննարկում է գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելուն առնչվող նախագիծ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովը քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է հնարավորություն տալ դատարանին կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն տրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում՝ բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է, գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար :

Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է ՍԴ-ի համապատասխան որոշումներով: Առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին պարբերության համապաստախան նախադասությունը շարադրել հետևայլ խմբագրությամբ՝ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավառուի հնարավոր վնասներին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է ՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:

Սա այն դեպքերին է վերաբերում, երբ գործ ունենք գրավի առարկայի արտադատական իրացման հետ: Դրա ընթացքում անձը իրավունք ունի դիմել գրավի առարկայի իրացումը կասեցնելու խնդրանքով»,-ներկայացրեց Գրիգորյանը:

Օրենսգրքի ներկայիս ձևակերպումը հնարավորություն է տալիս այս կասեցումն իրականացնել միայն այն դեպքում, երբ գրավի առարկայի արժեքի չափով իրականացվում է հնարավոր վնասի ապահովում: Փոխնախարարի խոսքով՝ սակայն ՍԴ-ն նշել է, որ մի շարք դեպքերում այդ հնարավոր վնասները կարող են գրավի առարկայի իրավական արժեքից շատ ավելի քիչ լինել, ուստի պետք չէ լրացուցիչ բեռ դնել գրավառուի վրա:

Արդյունքում սահմանել են, որ եթե գրավի առարկայի արտադատական իրացման դեպքում առաջանա հնարավոր վնասների ապահովման հարց, ապա դատարանը կարող է կասեցնել և պահանջել միայն գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում:

Նախագծով առաջարկվում են այլ փոփոխություններ ևս:

x