Տավուշի մարզպետը դիմել է իրավապահ մարմիններին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործընթաց սկսելու Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանի հայտարարությունների վերաբերյալ:

Գրառմանը նա կցել է նաեւ մարզպետարանի էջում մինչ այդ հրապարակված տեքստը, որտեղ մասնավորապես ասվում է. «Երեկ տեղի է ունեցել «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով: Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին՝ հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ Գրիգորյանը»:

«Քանի որ «Իջեւանի» բժշկական կենտրոնի տնօրենին նշանակում է մարզպետը, սա նախեւառաջ ինձ ուղղված զրպարտություն է, զրպարտություն՝ մեր պետությանն ու իմ ղեկավարած կառույցին, որտեղ մասնագետներն օրնիբուն, տքնաջան աշխատանքով անում են հնարավորն ու անհնարինը՝ վատն ու արատավորն արմատախիլ անելու, բարձր արդյունք ապահովելու համար»,- ըստ մարզպետարանի էջի՝ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:


«Առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարելի է խախտել բարոյականության նորմերը՝ մեղանչելով ճշմարտության դեմ՝ սեփական ձախողումն ուրիշի վրա բարդելու համար: Սակայն այդ կեղծ ու պատիր արդարցման փորձը չպետք է արատավորի մեկ ուրիշի հեղինակությունը: Օրենքի եւ իրավունքի երկրում հարաբերությունները կարգավորվում են օրենքներով: Թույլ չեմ տալու որեւէ մեկին սեւացնել մեր կատարած աշխատանքը, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ոչինչ չի փոխվել, կամ թե՝ որևէ մեկն օգտվում է հովանավորչությունից: Իսկ Վազգեն Մարգարյանը ստիպված կլինի իր կողմից բերած պնդումները փաստարկել եւ ապացուցել դատարանում ու պատասխանատվություն կրել զրպարտության համար»,- հավելել է Տավուշի մարզպետը:

 

x