Այս քայլով ՍԴ-ն խուսափում է բարդ հարցեր քննարկելուց․ Արուսյակ Ջուլհակյան |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։

Տիկին Ջուլհակյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը, որով մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ի ներկայացրած դիմումը։ Իշխանությունն ինչ պետք է անի սրանից հետո։

Հայաստանում իշխող ուժը պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է ցանկացած սցենարի։ Յուրաքանչյուր սցենարի համար, այո, ունի լուծում։ Իհարկե, նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՍԴ-ն կարող է նույնիսկ վարույթ չընդունել ԱԺ դիմումը, որին կողմ է քվեարկել 98 պատգամավոր։ Ես այս որոշումը իրավական դաշտից դուրս եմ նայում։ Սա քաղաքական քայլ է, որին դիմել է ՍԴ-ն։

Այս քայլով ՍԴ-ն խուսափում է բարդ հարցեր քննարկելուց։ Ըստ էության, ՍԴ-ն մատնված է անգործության և ունակ չէ անդրադառնալ մեր երկրին հուզող բարդ և ճգնաժամային հարցերին։ Նման քայլով ՍԴ-ն նաև հերթական անգամ ապացուցեց, որ մենք գործ ունենք Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամի հետ, որի գոյությունը նրանք առայսօր հերքում են։

Եթե մինչ այս Հայաստանի հանրությանն էր հայտնի այդ ճգնաժամի փաստը, հիմա արդեն միջազգային հանրությունը վերջնականապես կհամոզվի նրանում, որ ՍԴ-ում գործ ունենք ճգնաժամի հետ, որն օր առաջ պետք է լուծվի

ՍԴ-ն հերթական անգամ ապացուցեց, որ այն, ըստ էության, իմպոտենտ կառույց է, և կարելի է ասել ամբողջությամբ պարալիզացված է։ Ըստ այդմ նաև պարալիզացնում է ՀՀ-ում ընթացող բոլոր բարեփոխումները։ Օր առաջ այդ խոչընդոտը պետք է ուղղակի վերացվի։

Պետք է փաստենք, որ իր բարդությամբ աչքի ընկնող և երկրի համար անկյունաքարային կարևություն ունեցող գործերում ՍԴ-ն ի ցույց է դնում իր բոբիկություն ու իմպոտենտությունը և այս դեպքում ընդհանրապես հրաժարվում է գործը վարույթ ընդունել և քննել, թեև կարող էր վարույթ ընդունել և մերժել։ Բայց հրաժարվեց անգամ վարույթ ընդունել, քանի որ չունի այն կարողություններն ու լեգիտիմությունը, որ կարողանա կարևոր հարցերին լուծումներ տալ։

Մեկ այլ գործով էլ գիտենք, որ ՍԴ-ն դիմել է միջազգային կառույցներին և սպասում է պատասխանի կրկին այն պատճառով, որ չունի ներքին լեգիտիմություն նման անկյունաքարային հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները նշում էին, որ սա ՍԴ անդամների համար լավ հնարավորություն է վերականգնել իրենց նկատմամբ հանրության վստահությունը։ Հիմա ՍԴ որոշումից հետո ի՞նչ է ձեզ մնում անելու։

«Իմ քայլը» խմբակցության առանձին պատգամավորներ, ինչպես նաև այս նախագիծը ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցությունը խոսել է այն մասին, որ այս նախաձեռնությունն ուղղված չէ ՍԴ-ում առկա ճգնաժամը լուծելուն։ Այս նախաձեռնությունը ընդամենը ՍԴ-ի չափից ավելի ընկած հեղինակությունը վերականգնելու և ՍԴ անաչառությունը, անկողմնակալությունը ապահովելու նպատակ ունի։

Ես ինքս բազմիցս ասել եմ, որ ՍԴ անդամներն իրենք պետք է մտահոգված լինեին այդ հարցով և համապատասխան քայլեր ձեռնարկեին։ Բայց նույնիսկ օրենքով սահմանված կարգով մեր միջամտությունից հետո են նրանք հրաժարվում անել այն գործողությունները, որոնք նրանց նկատմամբ սահմանել է Սահմանադրությունը և ՍԴ-ի մասին օրենքը:

Այսինքն՝ իրենք հրաժարվում են փաստացի իրենց պարտականությունները կատարելուց, եւ պարզ է դառնում, որ այդ խմբակին բնավ չի հուզում ոչ ՍԴ հեղինակությունը, ոչ իրենց հեղինակությունը որպես մասնագետ, և նրանք ընդամենը զբաղված են իրենց և իրենց նեղ շրջանակների շահերի սպասարկմամբ։ Դա ևս մեկ անգամ հավաստում է, որ ՍԴ-ն պետք է ենթարկվի լրջագույն բարեփոխումների, ինչն էլ մենք կանենք։

Դատախազությունը հայտարարություն է տարածել, որ կուսումնասիրի Հրայր Թովմասյանի գույքի հայտարարագրման հետ կապված հարցը։ Հայտնի է դարձել, որ նա ամբողջությամբ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հնարավո՞ր է, որ ՍԴ-ում առկա խնդիրը լուծելու համար նաև այսպիսի եղանակներ գործի դրվեն։

Եթե Հրայր Թովմասյանը կատարել է գործողություններ, որոնցում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված դրույթների հատկանիշներ, ապա դրանցով պետք է զբաղվի այն մարմինը, որն իրավասու է օրենսդրությամբ նման հարցերին հետամուտ լինել։

Դա ինձ այս համատեքստում ընդհանրապես չի հետաքրքրում և որևէ առնչություն չունի ՍԴ-ում առկա ճգնաժամի լուծման ուղիների հետ։ Հետևաբար, եթե կան նման փաստեր, թող դատախազությունը զբաղվի և համապատասխան եզրահանգումներ անի։ ՍԴ-ում առկա ճգնաժամի լուծման հետ դա աղերս չունի։

Շարունակությունը՝ lragir.am-ում

x