Աղբահանության վճարման ձևի մեջ փոփոխություններ են եղել, արդեն այդ գումարները չեն գանձվի համատիրությունների կողմից. Հակոբ Կարապետյան |tert.am|

tert.am: Համայնքային  որոշ հարկատեսակների վճարման, մասնավորապես, աղբահանության վճարման ձևում որոշակի փոփոխություններ են եղել, արդեն աղբահանության գումարների գանձումը համատիրությունների կողմից չի արվի։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Նախկինում աղբահանությունը՝ բացառությամբ Նոր Նորք և Արաբկիր համայնքների, իրականացնում էին համատիրությունները: Քաղաքապետարանը որոշակի անհարմարություն և ռիսկեր տեսնելով՝ աղբահանության միջնորդավճարը 8%-ից նվազեցրել է 3%-ի: Դրանից հետո համատիրությունները դադարեցրել են գանձման այդ գործառույթն իրականացնել, և հիմա կա´մ քաղաքացին գնում է վարչական շրջանում է կատարում վճարումը, կա´մ սպասում է, որ տեսուչը տուն կգա, բայց ոչ այն հաճախականությամբ, ինչ նախկինում էր, կամ էլ քաղաքացին կարող է վճարել էլեկտրոնային համակարգերից, բանկերի բջջային հավելվածների միջոցով, Հայփոստի բաժանմունքներում և այլն»,-ասաց նա:  

Հակոբ Կարապետյանը նշեց, որ այս փուլում արդեն մի շարք բանկեր ծառայությունն իրականացնում են, բայց այս պահին միջնորդավճար կա, և քաղաքապետարանը քննարկումների մեջ է ԿԲ-ի հետ՝ աղբահանության վարձի համար միջնորդավճար սահմանելու ուղղությամբ: «Այդ վճարման համակարգերի մի զգալի մասի հետ գործընթացի մեջ է քաղաքապետարանը, որպեսզի դրանք ևս ինտեգրվեն: Այսինքն՝ հնարավոր լինի այն նույն համակարգով վճարել աղբահանության վարձը, ինչպես մյուս կոմունալ վճարները»,-ասաց նա:

Հակոբ Կարապետյանը նշեց, որ գործընթացն ավարտելուց և որոշակիություն մտցնելուց հետո քաղաքապետարանն ավելի հստակ ծանուցում կներկայացնի աղբահանության վճարման կարգի մասով

x