RElection [#17] Պետք է առաջնային մանդատ ունեցող պատգամավորի նկատմամբ ճնշում գործադրելու ինստիտուտ չլինի հետկանչի մեխանիզմը. Արթուր Սաքունց

RElection նախագծի շրջանակներում տեղական հանրաքվեների և հետկանչի մեխանիզմների թեմայով զրուցել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

- Պարո՛ն Սաքունց, այս թեմայով մեր նախորդ զրուցակիցը «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն էր, և ծրագրի ձևաչափի համաձայն՝ նա Ձեզ հարց է ուղղել.

«Արդյո՞ք Դուք հնարավոր եք համարում Հայաստանում հետկանչի ինստիտուտի ներդրումը: Ի՞նչ եղանակներով դա պետք է իրականացվի, և արդյո՞ք հետկանչի ինստիտուտը պետք է գործի առանձին պաշտոնատար անձանց դեպքում, թե՞ ինստիտուտների դեպքում ևս»:- Հետկանչի մեխանիզմ ասվածը շատ հասկանալի է, բայց դրա կիրառելիության թույլատրելիությունը առանձին ինստիտուտների հետ կապված խիստ վիճահարույց է: Գտնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ չպետք է կիրառվի հետկանչի մեխանիզմ, որովհետև նրանք առաջնային մանդատ ունեցող, ժողովրդի կողմից ընտրյալներն են, և պետք է ընտրվելուց հետո իրենց գործառույթներն իրականացնեն մինչև ժամկետի ավարտը, հակառակ պարագայում ընտրությունների գաղափարը ամբողջությամբ կամ քաղաքական գործընթացների գաղափարն ամբողջությամբ կխաթարվի:

Արժե քննարկել, թե արդյո՞ք ԱԺ-ի կազմը կարելի է, ենթադրենք, որոշ ժամկետից հետո ինչ-որ չափով, մեկ երրորդով կամ մեկ քառորդով վերընտրել: Դա ես ուղղակի զուգահեռ եմ անցկացնում Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետ, որը, ճիշտ է, ընտրվում է 4 տարի ժամկետով, բայց ընթացիկ ընտրությունների կազմակերպման միջոցով, կարծես, թարմացվում է: Սա հարց է, որ պետք է քննարկել, բայց էլի նկատենք, որ դա ոչ թե հետկանչի մեխանիզմ է, այլ քաղաքական գործընթացների փոփոխությանը համարժեք Ներկայացուցչական պալատի համապատասխանեցնելու տրամաբանությունն է աշխատում:

Որպես հեկանչի մեխանիզմ պետք է դիտարկել իմպիչմենտ ասվածը, որ կարող է կիրառվել, եթե նախագահն ուղղակի ընտրությամբ է, նախագահի, կամ, ենթադրենք, ինչ-որ այլ ուղղակի ընտրությամբ ընտրվող մարմնի նկատմամբ: Քանի որ մերը պառլամենտական կառավարման է, չեմ կարծում, որ նախագահը ունի այն լիազորությունները, որոնց իրականացումն այնքան կենսական նշանակություն ունի, և որն անհրաժեշտաբար կենթադրի իր լիազորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում անվստահության հարցը բարձրացնել ԱԺ-ում:

Եթե պառլամենտական կառավարման պայմաններում  նախագահն ընտրվեր ուղղակի, այնպես, ինչպես ընտրվում է Լեհաստանում, Ռումինիայում կամ Բուլղարիայում, պարզապես լիազորությունների որոշակի սահմանափակում կա, ինչպես Վրաստանի նախագահն էր մինչև վերջին փոփոխությունները ընտրվում ժողովրդի կողմից, ապա այդ դեպքում երևի թե իմաստ ունի հետկանչի  մեխանիզմը գործարկել որոշակի պահանջներին չբավարարելու դեպքում;

Իմ համոզմամբ՝ կա խնդիր, և կա այդ անհրաժեշտությունը, որ համայնքի ղեկավարը, եթե նա ընտրվի (Հայաստանում հիմա համայնքի ղեկավարները, բացի Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքաներից, ուղղակի են ընտրվում. ուղղակի ընտրվում են և՛ ավագանին, և՛ համայնքի ղեկավարները), ապա այդ համայնքներում տեղական հանրաքվե կարելի է կիրառել, որ համայնքի ղեկավարին ժամկետի ավարտից շուտ ինչ-ինչ խնդիրների առկայության դեպքում, եթե համայնքի բնակչությունը գտնում է, որ չի բավարարել, չի համապատասխանում նրա գործունեությունը, և այդտեղ չկա որևիցե քրեական հետապնդման խնդիր, բայց բարեխիղճ, արդյունավետ կառավարման մասին է խոսքը, ապա կարող են հանրաքվե նախաձեռնել և հետ կանչել: Դա, իհարկե, պետք է ոչ թե լինի այնպես, որ ցանկացած ժամանակ հանրաքվե անցկացնեն, այլ որոշակի պայմաններում, ենթադրենք, ընտրվելուց հետո առաջին կես տարում իրավունք չունեն կամ մեկ տարում իրավունք չուեն հանրաքվե անցկացնել, կամ պաշտոնավարման վերջին մեկ տարում իրավունք չունեն տեղական հանրաքվեով պահանջել նրա պաշտոնից հեռացումը:

Ներկայացուցչական մարմինների նկատմամբ ընդհանրապես չի կարելի կիրառել այդ նույն սկզբունքը: Կառավարության դեպքում, երբ խոսքը վերաբերում է վարչապետին, ապա շատ հստակ պետք է սահմանվի, որ կառավարության ծրագիրը չհաստատելու դեպքում արդեն ուղղակի հարց է առաջանում խորհրդարանի ցրման և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը, որ պետք է նույնպես շատ հստակ կարգավորվի, կամ նախատեսվի, որ, ենթադրենք, մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը պառլամենտում փոխի վարչապետին, որի հնարավորությունն ունի: Կամ եթե կոալիցիա է, ապա նույնպես կարող է այդտեղ հետկանչի մեխանիմզը կիրառելի լինել:

Այսինքն՝ մենք հասկանանք հետևյալը, որ սկզբունք է, որ ներկայացուցչական մարմիններում, դա կլինի պառլամենտ, թե տեղական պառլամենտ՝ հանձին ավագանու, չի կարելի կիրառել հետկանչի մեխանիզմն ընդհանրապես որպես սկզբունք, այլ կարող է դիտարկվել ազգային մակարդակում պառլամենտի ինչ-որ մի հատվածի վերընտրություն, բայց տվյալ դեպքում, քանի որ մենք ունենք մի մասի վերընտրություն, թարմացում, քանի որ մեզ մոտ համամասնական ընտրակարգով է, մեծամասնական ընտրակարգ չկա, ապա այդ դեպքում թարմացնելու մեխանիզմը վերաբերելու է, ամենյան հավանականությամբ, կուսակցությունների ցուցակներում ընդգրկված թեկնածուների շրջանակում, բայց դա պետք է քննարկել, որովհետև, ենթադրենք, կուսակցությունն ունի 100 հոգանոց թեկնածուների ցուցակ, ունի 10 պատգամավոր, ապա կարող է նախատեսվել, որ այդ 10 պատգամավորից 3-ը 2 տարի հետո փոխարինվում են 10-ից հետո եկող այլ մարդկանցով՝ էլի որոշակի սկզբունքով: Սա նաև կուսակցական համակարգի կայացմանն ուղղված նպաստավոր դրույթ կլինի:

Իսկ իմպիչմենտ պետք է կիրառել գործադիր մարմնի ներկայացուցիչների նկատմամբ միայն, եթե նրանք ընտրվում են, իրենց գործառույթները պատշաճ չկատարելու դեպքում: Կամ կարող է լինել այնպիսի մի իրավիճակ, որ գործադիր իշխանության ղեկավարը կորցրել է վստահությունը: Նկատի ունեմ ոչ թե հանրային վստահությունը այն առումով, որ, ենթադրենք վատ քաղաքականություն կամ ոչ պոպուլյար քայլեր է կատարել, այլ թափանցիկ չի աշխատել, հաշվետու չի աշխատել, և այնպիսի գործարքներ են, որոնք չեն ձգում որպես քրեական հետապնդում, բայց որոնք, ենթադրենք, բարենպաստ նշանակություն չեն ունեցել, և խորացնում են ինչ-ինչ խնդիրներ կամ ինչ-որ ճգնաժամեր են առաջացնում: Այդ դեպքում իրապես ինպիչմենտը որպես իրավիճակ, խնդիր լուծելու տարբերակ պետք է ճանաչվի հստակ կանոնակարգելով և հստակ չափանիշերով:

- Նրանք, ովքեր կողմ են հետկանչի մեխանիզմներ ներդնելուն, ասում են, որ սա ուղիղ ժողովրդավարության գործիք է, և մարդիկ պետք է հնարավորություն ունենան անվստահություն հայտնելու այն պաշտոնյաներին, ինստիտուտներին, որոնց իրենք ընտրել են: Եթե մենք այս մեխանիզմները չենք ներդնում, չե՞նք զրկում ընտրողներին ուղիղ ժողովրդավարության գործիքներից:

- Եկեք վերստին արձանագրենք. ուղղակի ժողովրդավարություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, երբ դու անմիջականորեն ընտրում ես և նաև որոշումմների կայացման մեխանիզմը պետք է ունենաս, ուղղակի ժողովրդավարության մեխանիզմ պետք է դիտարկել հենց հանրաքվեները, երբ համայնքային նշանակության որևէ խնդրի լուծման վերաբերյալ համայնքի բնակիչները իրենց մոտեցումը, դիրքորոշումը արտահայտում են տեղական հանրաքվեների միջոցով: Ընդ որում՝ այդ տեղական հանրաքվեի շրջանակում դիտարկվող հարցերը պետք է նույնպես ունենան իրենց շրջանակը. դրանք ոչ թե պետք է լինեն երկրորդական, ինչպես հիմա է, այլ նաև ուղղակի վերաբերեն համայնքի ինքնակառավարման մարմինների գործառույթների շրջանակում լուծվելիք այնպիսի խնդիրների, որոնք էական նշանակություն են ունենում համայնքի զարգացման համար:

Բայց այնպիսի հարցեր, ինչպիսիք տեղական տուրքերը և հարկերն են կամ տուգանքները, որոնք ավագանին է սահմանել, չպետք է, իհարկե, դառնան հանրաքվեի առարկա, որովհետև բնակչությունը, ենթադրենք, հանրաքվե է անցկացնում, ասում՝ ազատում ենք բոլորին տեղական հարկերից՝ գույքահարկից կամ հողի հարկից կամ նախատեսում ենք 50 տոկոսով զեղչ գույքահարկի: Այսինքն՝ կան հարցեր, որոնք չի կարելի առարկա դարձնել ընթացիկ հասարակական տրամադրություններին: Ընթացիկ հասարակական տրամադրությունների ազդեցությունը ժողովրդավարական պետությունում նշանակություն ունի այն իմաստով, որ դրանք պահանջ են հանդիսանում և հիմք են հանդիսանում, որպեսզի որոշում կայացնելուց առաջ գնա երկխոսություն, գնա քննարկում, իրազեկում, հիմնավորում: Այնսինքն՝ սա է իմ ամբողջ խնդիրը, ուղղակի ժողովրդավարության մեխանիզմ է հենց այդ քննարկումը նաև, որովհետև սովորաբար հանրաքվեները նաև ծախսատար պրոցես են:

Այդ առումով ես չեմ գտնում, որ ԱԺ-ի պատգամավորների նկատմամբ կիրառելի է: Առաջին հերթին, քանի որ համամասնական է, դա արդեն հանվում է օրակարգից: Դու չես կարող համազգային հանրաքվե անցկացնել և պահանջել, որ այսինչ կուսակցությունը մանդատները պետք է վայր դնի, որովհետև դա աբսուրդ է: Ընտրության պարբերականությունն է նաև ժողովրդավարության կայունության երաշխիքը, այսինքն՝ ժողովրդավարությունը պետք է դիտարկել կայունության տեսակետից որպես երևույթ: Երբ դու հաճախակի, ընթացքում ինչ-որ փոփոխությունների ուզում ես հասնել հանրաքվեի ճանապարհով, ապա, այդ դեպքում, ապակայունացման ռիսկերը մեծանում են:

Ես պատահական չնշեցի հարկերը կամ տեղական տուրքերը. ենթադրենք հարկային օրենսգրքում որոշվում է, որ, ելնելով հանրային ծառայությունների կարգավորուման պետական ինստիտուտների ծառայության մատուցման տեսակետից, պետք է ոչ թե 100 միավոր գումար հատկացնել, այլ՝ 50, և այդտեղ նման հարցերը տեղափոխել հանրաքվեի լուծման միջոցով, երևի թե ճիշտ չէ: Բայց կարող են երկրի ինքնիշխանության հետ կապված հարցեր լինել, ասենք, միջազգային որևիցե պայմանագրին կամ պակտին կամ միությանը միանալու պարագայում կամ հավանություն տալու հետ կապված, կարող է նախատեսվել հանրաքվե, որպեսզի ժողովրդը, քաղաքացիները իրենց կամքը ներկայացնեն:

Ամենաթարմ օրինակը Brexit-ն է: Ըստ էության՝ Մեծ Բրիտանիայում այս հանրաքվեն անցկացվեց՝ որոշելու համար Մեծ Բրիտանիան մնո՞ւմ է Եվրամիության կազմում, թե՞ դուրս է գալիս: Եվ հիմա, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի հանրաքվեն, բայց պոպուլիստական, ոչ պատշաճ իրազեկման հետևանքով ընդունվել է մի որոշում, որ բնակչության մի մասի մոտ արդեն բավականին լուրջ հարցեր են ծագում: Տուրք տալով ինչ-որ մտայնությունների, ինչ-որ մոտեցումների, ոչ պատշաճ գնհատելով դրա հետևանքները՝ հանաքվե են անցկացրել, և հիմա ևս մեկ տարի ձգվում է, մինչև հիմա դուրս չեն եկել, Brexit-ը չի իրականացվել: Brexit-ի հետ կապված նաև հարց է առաջանում Շոտլանդիայի՝ Մեծ Բրիտանիայի կազմում մնալու;

Այսինքն՝ երբ մենք խոսում ենք հետկանչի մեխանիզմի մասին, պետք է մի քանի կարևոր հանգամանք հաշվի առնենք հենց ժողովրդավարական պետության կայունության տեսակետից, ոչ թե ճահճային կայունության մասին է խոսքը, այլ այն խնդիրների բովանդակությունը պետք է հաշվի առնել, որոնք կարող են դրվել հանրաքվեի կազմում և դրանով որոշվեն: Իմ համոզմամբ՝ այստեղ մենք անվստահություն ենք հայտնում ժողովրդավարական մյուս ինստիտուտներին, հանձինս պառլամենտի, նախագահի, եթե ուղիղ է ընտրվում:

Բայց մյուս կողմից կա ավելի վատթար տարբերակը. կարող է որոշակի տարածքում ինչ-որ պատգամավորի կամ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ կապված կա տեղական շահերի բախում, և որոշեն որոշակի խմբեր, իրենց շահերից ելնելով, մանիպուլացնել և հանրաքվե նախաձեռնեն, և պահանջեն, որ հետ կանչի: Այսինքն՝ դու դրանով ԱԺ պատգամավորի և օրինաստեղծ աշխատանքի վրա բացում ես բացասական ազդեցության տարբերակը:

Պետք է ասեմ, որ, իհարկե, ուղղակի ժողովրդավարության այն մեխանիզմը, որ գոյություն ունի Շվեյցարիայում, որտեղ ուղղակի քվեարկում են, ունի ավանդույթը, այսինքն՝ այդ ուղղակի ժողովրդավարության տեսակները խիստ բազմազան են, բայց ամեն մի պետությունում դա հանդիսանում է իրենց զարգացման շրջանակում ձևավորված ավանդույթի արտահայտումը: Մենք, ցավոք սրտի, այդպիսի երկար զարգացման ավանդույթ չունենք, մեր այս կարճ ժամկետում՝ 30 տարվա ընթացքում, կարող ենք հիշել անկախության հանրաքվեն, Սահմանադրության ընունման և փոփոխությունների հանրաքվեները, որոնք, ցավոք սրտի, լավ օրինակներ չեն, որ հղում կատարենք: Տեղական հանրաքվեի պրակտիկա, ցավոք սրտի, նույնպես չունենք, դա էլ առանձին հարց է (հանրաքվեի միջոցով հետկանչի մասին է խոսքը, հանրաքվեի միջոցով ինչ-որ խնդրի լուծման):

Ես կուզենայի, որ մենք պաշտոնատար անձանց հետկանչի խնդիրները նաև դիտարկենք նշանակության տեսակետից՝ արդյոք ինչքանո՞վ է դա արդյունավետ, և միաժամանակ այն հարցերի լուծման տեսակետից, որոնց վերաբերյալ հանրաքվեով պետք է որոշում կայացնել, որը, ըստ էության, պարտադրում է առանց  մարդկանց հետկանչելու գործողություն կատարել: Որովհետև երու տարբերակ կա. երբ որ նա չի կատարում քո ենթադրյալ կամ ակնկալիք գործողությունը, իրեն ես հետ կանչում, որպեսզի հաջորդը, որը պետք ընտրվի, ցանկալի որոշումը ընդունի, կամ դու ուղղակի խնդրի վերաբերյալ ենթադրյալ որոշումը հանրաքվեի միջոցով ես լուծում և պարտադրում, որ նա կատարի: Այստեղ բազմազանությունը շատ-շատ է: Կարելի է ասել՝ անձանց հետկանչի և որոշումների հետկանչի և կամ որոշումների պարտադրանքի այդ երկու մեխանիզմները կան:

Մենք ունենք, իհարկե, այսօրվա կասկածելի Սահմանադրության մեջ օրենքների ընդունման նպատակով հանրաքվեների ինտիտուտը, երբ որ կարելի է ստորագրահավաք կազմակերպել և պահանջել հանրաքվե ինչ-որ իրավական նորմերի ընդունման նպատակով: Դեռևս չի կիրառվել, պետք է դիտարկել նաև դրանց հնարավորությունը, որովհետև կարող ես այնպիսի պայմաններ առաջադրել, որ անհնար լինի դա իրագործելը ժամկետների տեսակետից, թվաքանակաի տեսակետից, ռեսուրսների տեսակետից: Այնպես որ, եկեք այսպես ասենք, հարցը թողնում ենք բաց, բայց միաժամանակ կան հստակ, որոշակի մոտեցումներ՝ ելնելով շատ-շատ ռիսկերից, որպեսզի այդ ռիսկերը չավելացնենք, այլ ռիկսերն ընդհանրապես չունենան հնարավորություն: Պետք է առաջնային մանդատ ունեցող պատգամավորի նկատմամբ ճնշում գործադրելու ինստիտուտ չլինի հետկանչի մեխանիզմը: Սա շատ կարևոր հանգամանք է և ի սկզբանե ելնում է խորը անվստահության կոնցեպտից. ոչ թե դու պետք է խորը անվստահության կոնցեպտի տեսակետից հետկանչի մեխանիզմին մոտենաս, այլ պետք է քննարկումների, մասնակցության աստիճանի բարձրացման միջոցով լեգիտիմ որոշումների կայացման մեխանիզմը զարգացնես:

Պետական դավաճանություն կարող է լինել, հանցագործություն է, որի համար քրեական հետապնդում է, բայց, այնուամենայնիվ, դրա համար կարող է ինչ-ինչ հանգամանքներում քրեական հետապնդումը քաղաքական նպատակներ հետապնդի, և այդ դեպքում պետք է դժվարացնել պրոցեդուրան անվստահություն հայտնելու, որի արդյունքում նոր կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:

Դատական իշանության հետ կապված իմպիչմենտի մեխանիմզը՝ կարգապահական վարույթի հարուցումը, երբ կարող են որոշակի գործողությունների համար ազդել դատավորի վրա և նույնիսկ ազատվել դատավորից: Օրինակ, հիմա առաջարկվում է վեթթինգ մեխանիմզը՝ բարեվարքության կանոնների հետ կապված:

Եկեք հասկանանք, որ հետկանչի մեխանիզմը ժողովրդավարական մեխանիմզմներից մեկն է, բայց ունիվերսալ չէ և համընդհանուր չի կարելի կիրառել բոլոր ինստիտուտների նկատմամբ, չի կարելի կիրառել բոլոր հանգամանքներում և բոլոր հարցերի կիրառման ժամանակ: Հանրաքվեն՝ որպես անմիջական և ուղղակի ժողովրդավարական մեխանիզմ, նույնպես կարևոր գործիքներից մեկն է, բայց նորից նրա միջոցով լուծվելիք հարցերի շրջանակը տեղական և ազգային մակարդակներում պետք է լինի հստակ սահմանված այնպես, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված լինի որևէ կենսական կամ համակարգային նշանակություն ունեցող խնդրի լուծման տեսակետից:

Ես օրինակ բերեմ, որ, իհարկե, Հայաստանի համար կիրառելի չէ. մահապատժի վերացումը կարող է հանրաքվեի հարց դառնալ. պետությունը կամ հանրությունը հաաձա՞յն է մահապատժի վերացմանը ժողովրդավարական երկրներում, որտեղ դեռևս կա: Միացյայլ Նահանգնրում առանձին նահանգներում հանրաքվեի միջոցով են այդ հարցերը լուծում: Մեզ մոտ կարող են այդպիսի խնդիրներ լինել ասենք ճանապարհի կառուցումը: Շիկահողի արգելոցով պե՞տք է ճանապարհը գնա, թե՞ ոչ: Այդտեղ, իհարկե, պետք է հանրաքվեով որոշվի այդ խնդիրը: Կամ որևիցե քաղաքում ինչ-որ տարածք պետք է հատկացվի գործարան, մեծ խանութ կամ ծառայության վայր կառուցելու համար:  Անհրաժե՞շտ է հանրաքվե անցկացնել. ես կարծում եմ՝ այո, որովհետև կարող է դա աղճատել ճարտարապետական տեսքը, կարող է աղճատել նկարագիրը: Դա ոչ թե վերաբերում է կոնկրետ ինչ-որ անձանց շահեի, որ իմ տունը կարող է վնասվել և այլն, դրա համար կա այլ ընթացակարգ, այլ վերաբերում է հանրային այնպիսի շահերին, որ առնչվում են բոլորին: Նույն ձևով կարող է լինել իմ ասած տարածքների հատկացումը որևէ շինարարական, արտադրական կամ մշակութային կամ այլ նպատակներով: Լավ գործիքներ են, բայց լավ գործիքները կարող են արդյունավետ լինել, եթե նրանք ճիշտ խնիրների և համապատասխան ուղղություններով հստակ սահմանված լինեն:

- Պարո՛ն Սաքունց, երբ նախորդ անգամ զրուցում էինք, Դուք ասացիք, որ մենք կարիք ունենք փոփոխություններ իրականացնելու ոչ միայն «Կուսակցությունների մասին» օրենքում, Ընտրական օրենսգրքում, այլ նաև «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում: Որո՞նք են այն փոփոխությունները, որ այս օրենքում պետք է արվեն:

- Մի փոքր հիշեցնեմ, որ նախոդ Սահմանադրությունում կար այսպիսի մի հստակ հոդված, որ հանվեց երևի թե մեր կողմից նախաձեռնած տեղական հանրաքվեի փորձից հետո. համայնքային նշանակության խնդիրները կարող են լուծվել հանրաքվեի միջոցով: Այդ դրությը հանվեց Սահմանադրությունից, «Տեղական հանրաքվեի մասին» օրենքը մնաց: Էլի գտնում եմ, ինչպես քիչ առաջ նշեցի, որ համայնքային մակարդակում համայնքի ղեկավարի հետկանչի մեխանիմզը պետք է լինի լուծելու հարց հանրաքվեի միջոցով, որը մեզ մոտ չկա, այյսինքն՝ վերականգնել դա, և դա ենթադրում է նաև սահմանադրական հոդվածի փոփոխություն՝ էլի հստակ սահմանելով՝ ընտրությունից ինչքան ժամանակ հետո չի կարող լինել: Որովհետև եթե ընտրվել է, ու կես տարի հետո որոշում ես դու հանրաքվեով հետ կանչել կամ անվստահություն հայտնել, մի քիչ տարօրինակ է: Առնվազն կես տարին բավարար չէ, որ մարդը կարողանա ինքնադրսևորվել:

Մեկ տարին ողջամիտ ժամանակ է տեղական մակարդակով, որպեսզի կարողանաս եզրակացություն կազմել համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման մասին: Մյուս կողմից էլ  պաշտոնավարման ժամկետը լրանալուց մի տարի առաջ չի կարելի, որովհետև դա արդեն ենթադրվող հաջորդ ընտրությունների վրա ազդելու միջոց կարող է լինել, որը կարող է նախաձեռնել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որևիցե ընդդիմադիր ուժ կամ քաղաքացիների որևիցե խումբ:

Պետք է, ուրեմն, այդ ժամկետում քաղաքացիները, համայնքի բնակիչները հնարավորություն ունենան հանրաքվեի միջոցով համայնքի ղեկավարին հետ կանչելու, և դա պարտադրվի: Ասեմ, որ եթե նույնիսկ Վանաձոր, Գյումրի, Երևան քաղաքներին է վերաբերում, որտեղ ավագանիները ձևավորվում են համամասնական ընտրակարգով (ի դեպ, նախատեսվում է, որ պետք նաև ընդլայնվի, քաղաքացիական նախաձեռնություններով գուցեև հետագայում, կամ ենթադրենք այնպիսի մի կարգավորում լինի, որ քաղաքացիություն չունեցող անձինք՝ փախստականները, քաղաքական ապաստան հայցողները, միգրանտները, որոնք համայնքներում բնակվում են, իրավունք ունենան մասնակցելու ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքային մակարդակում), եթե այդ տեսակետից ենք նայում, ապա հանրաքվեն դառնում է անմիջական ժողովրդավարության ինստիտուտ, որ ավագանու անդամները, որոնք ըտրվել են, չենթարկվեն միայն կուսակցության պահանջներին:

Ներկուսակցական հարցերի շրջանակներում բնակիչները զրկվում են պարտադրելու իրավունքից, որովհետև կուսակցությանը դու չես կարող թելադրել, իսկ հանրաքվեի միջոցով կարող ես պարտադրել, որ, ենթադրենք, Պողոսը, որն այդ մեծամասնություն ունեցող կուսակցության ներկայացուցիչն է որպես քաղաքապետ, փոխարինվի մեկ այլ անձով: Այստեղ կա նաև կուսակցությունների վրա ազդելու համայնքի բնակչության այդպիսի ինստիտուտ: Ես գտնում եմ, որ սա պետք է ներմուծվի:

Ուզում եմ ավելացնել, որ բացի տեղական հանրաքվեից, պետք է նաև իրապես բավական լուրջ փոփոխություն մտցվի ազգայի մակարդակով, հանրապետական հանրաքվեի օրենքում, որպեսզի նա նույնպես արդյունավետ աշխատի, բացի նրանից, ինչ նշված է, պետք է հստակ նրա արդյունավետությունն ապահովվի, որոշակի խնդիրները, որ կան, մի քիչ ընդլայնվեն:

- Նախորդ զրույցի ժամանակ Դուք նաև նշեցիք, որ տեղական հանրաքվեները ոչ միայն կարող են օգտագործել քաղաքացիները՝ տեղական նշանակության հարցերը լուծելու համար, այլ նաև կուսակցությունները: Ինչպե՞ս են կուսակցություններն օգտագործելու տեղական հանրաքվեները որևէ հարց լուծելու համար:

- Ենթադրենք, արտախորհրդարանական կուսակցություն է կամ կուսակցություն, որը փոքրամասնության մեջ է, և ֆունդամենտալ ինչ-որ հարց կա, որտեղ փորձ է արվում էական և բովանդակային նշանակության հարցերին տալ մեխանիկական լուծումներ՝ զուտ օգտվելով թվային մեծամասնությունից: Այդ դեպքում, եթե քաղաքացիները այդ փոքրամասնություն ունեցող կուսակցության դիրքորոշմանը հավանություն են տալիս, բայց չունեն տեղական ինքնակառավարման մարմնի ենթադրյալ որոշման վրա ազդեցություն, ապա կուսակցությունն ինքը կարող է նախաձեռնել: Եվ եթե ստանում է բնակչության հավանությունը իր այդ մոտեցմամբ, ապա նա է դառնում որոշիչը, այսինքն՝ այստեղ հավասարակշռում է մեծամասնության իշխանությունը, որովհետև ժողովրդավարության բուն էությունը իրապես մեծամասնության սահմանափակ իշխանությունն է: Այդ մեծամասնության իշխանության սահմանափակվածության կամ սահմանափակելու գործիքներից մեկը կարող է հանդիսանալ հանրաքվեն, որ կարող է նախաձեռնել փոքրամասնության մեջ գտնվող կուսակցությունը կամ կուսակցությունների մի խումբ, որոնք, ունենալով համայնքի բնակչության աջակցությունը, կարողանան պարտադրել և կայացնեն այն որոշումը, որը գտնում են, որ համայնքի բնակիչների շահերից է բխում: Եվ եթե համայնքի բնակիչները գտնում են, որ դա իրապես իրենց շահերից է բխում, բնականաբար, կքվերակեն, և մեծամասնություն կստանա այդ որոշումը:

Եթե որևիցե կուսակցություն չի ներկայացնում, արտախորհրդարանական կուսակցությունը կարող է նախաձեռնել, և ինքը սպասում է ոչ թե մինչև մյուս ընտրությունները, այլ նաև ունենում է գործիք քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու: Սա էլ նաև կուսակցությունների կայացման կարևոր լծակներից, գործիքներից մեկն է, որ գտնվելով դրսում, համայնքի բնակչության աջակցությունը ստանալով՝ կուսակցությունը նաև կարողանում է ազդել այդ որոշումների վրա: Սա ժողովրդավարության զարգացման տրամաբանությունից, անհրաժեշտությունից է բխում: Որտեղ ապրում ենք, այնտեղ պետք է ժողովրդավարություն մշակույթ ձևավորենք: Բայց մշակույթի ձևավորման համար պետք են գործիքներ, որ դու մարդկանց համոզելու հնարավորությունն ունենաս և նաև որոշում կայացնելու կամ որոշումը պարտադրելու կամ որոշմանը մասնակցելու հնարավորություն ունենաս:

Ես կարծում եմ, որ այստեղ մենք, ելնելով մեր առանձնահատկություններից, որ չենք ունեցել ժողովրդավարական զարգացման նախապատմություն, պետք է մտածենք այդ գործիքների բազմազանության ձևավորման մասին, որպեսզի որևիցե մեկը՝ թե՛ բնակչությունը, թե՛ կուսակցությունները, որոնք չեն ընտրվել, դուրս չմնան համայնքային նշանակության խնդիրներում իրական արդյունավետ մասնակցության հնարավորությունից, որովհետև դուրս է գալիս՝ դու ընտրում ես ավագանի, կարող ես քննադատել, կարող ես չհամաձայնել, բայց չունես որևիցե ռեալ լծակ ազդեցություն ունենալու:

Կաող է և ավագանու փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժն էլ զուտ ավագանու թվաքանակի սահմանափակությամբ չունենալ ազդեցություն: Դուրս է գալիս՝ մեծամասնությունն ունենում է բացարձակ մեծամասնություն, որն արդեն հակաժողովրդավարական է: Այսինքն՝ այստեղ մենք արդեն մտածում ենք թե՛ համայնքի բնակչության ներգրավման միջոցով հարցերի լուծման մասին, թե՛ նաև համայնքի բնակչության հետ քաղաքական կուսակցությունների աշխատելու դաշտն ենք ստեղծում, երբ որ նրանք նախագիծ են ներկայացնում, համոզում են: Այսինքն՝ անտարբերությունը վերացնելու, որոշումների կայացմանը արդյունավետ և բովանդակային, ոչ իմիտացիոն մասնակցության գործիքներ պետք է ձևավորենք, և ոչ միայն համայնքային, այլ նաև համազգային մակարդակում:

- Ո՞րն է պատճառը, որ տեղական հանրաքվեի ինստիտուտը մեզ մոտ զարգացած չէ, և բացի Ձեր նշած օրենսդրական բարեփոխումներից, մեզ ի՞նչ է անհրաժեշտ այս ինստիտուտը զարգացնելու համար:

- Երբ այդպիսի հարց եք տալիս, ինձ մոտ դեժավյու է առաջանում, որովհետև ամենատարբեր առիթներով ես անհրաժեշտ եմ համարում ընդգծել. թավշյա հեղափոխությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ոչ մի բան զարգացած չի եղել: Եթե զարգացած լիներ կամ թերզարգացած լիներ կամ ինչ-որ պրոցեսի մեջ լիներ, հեղափոխոթյուն չէր լինի: Սա ֆունդամենտալ և հիմնարար ելակետ է, որը մոռացության տալով՝ մենք ակամայից հայտնվում ենք կեղծ օրակարգերում: Իչ-որ մի բան կար, ու հիմա ուզում ենք զարգացնել. չէ՛, չկար:

Ես դա հենց «Տեղական հանրաքվի մասին» օրենքի օրինակով կարող եմ բերել: Ընդունել էին մի օրենք՝ զուտ ցույց տալու համար, որ մենք ունենք այդ օրենքը,
որովհետր ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի անդամ է, տեղական և տարածքային կատառավարման մարմինների կոնգրեսը Եվրոպայի խորհրդի կառուցվածքային ստորաբաժանում է, Տեղական ինքնակառավարման խարտիան մենք վավերացրել ենք, որով նախատեսվում է որոշակի անմիջական ժողովրդավարության մեխանիզմ, որն ընդունել ենք: Բայց ընդունել ենք զուտ թուղթ ունենալու համար, ձևական, ոչ բովանդակային:

Մենք նախաձեռնեցինք Վանաձորի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը, և չգրանցվեց մեր նախաձեռնությունը: Բողոքարկեցինք դատական ատյաններում, հաջողություն չունեցանք, այսինքն՝ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեր նախաձեռնող խմբի գրանցումը մերժվեց անհիմն, բողոքարկեցինք դատարանում, դատարանն էլ մերժեց: Սահմանադրական դատարան հասանք, և Սահմանադրական դատարանը գտավ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարին անվստահություն հայտնելու հանրաքվեն նման է ԱԺ-ի պատգամավորի հետկանչի մեխանիզմին և, հետևաբար, կիրառելի չէ:

Այսինքն՝ ընդունեց ակնհայտ հակասահմանադրական որոշում: Եվ դա լիովին համապատասխանում էր այն ժամանակվա ավտորիտար կառավարման բովանդակությանը, որովհետև չի կարելի տալ քաղաքացիներին նախաձեռնություն, որպեսզի իրենք փոփոխություն կատարեն:Չի կարելի տալ քաղաքացիներին այնպիսի գործիք, որիի կիրառմամբ քաղաքացիները կարողանան փոփոխություն իրականացնել:

Պատկերացնո՞ւմ եք ՀՀ-ի բոլոր համայնքներում կամ խոշոր համայնքներում ընդդիմությունը կիրառեր սա այն ժամանակ: Դուրս կգար, որ կեղծված ընտրություններ նրանք ազգային մակարդակում ունեն, իսկ մի ինչ-որ համայքնում արդեն տեղական նշանակության հարցերով շատ ավելի մեծ ուժեր պետք է կիրառվեին, ավելի շատ ճնշումներ պետք է լինեին, որ արդեն շատ ավելի ակնառու է դառնում: Ճնշումների կիրառման ինտենսիվությունը ստիպված էին մեծացնել, որպեսզի ապահովեն իրենց բացարձակ իշխանությունը:

Ուզում եմ ասել՝ չի կարելի համեմատել: Ոչ թե լավ չի զարգացել, այլ չկար: Լոռեցու ասած, անունը կար, ամանումը չկար: Դրա համար մենք պետք է վերականգնենք: Քանի որ մենք թավշյա հեղափոխության արդյունքում վերցրել ենք պատասխանատվություն՝ Հայաստանում վերականգնելու ժողովրդավարությունը, վերականգնելու, ոչ թե զարգացնելու (եթե զարգացնելու խնդիր ենք դնում, ապա բացառում ենք թավշյա հեղափոխության փաստը, բայց հեղափոխությունը եկել է ամրագրելու, որ չի եղել այդ ժողովրդավարությունը), այդ առումով մենք վերականգնում ենք ժողովրդավարության ինստիտուտները, և շատ կարևոր է, որ լինի հանրային վստահություն այդ ժողովրդավարական ինստիիտուտների նկատմամբ:

Հանրային վստահությունը կարող է ձևավորվել, եթե բնակիչները, քաղաքացիները ունեն արդյունավետ ազդեցության գործիքներ: Եթե դու ունես մի գործիք, որը ձևական նշանակություն ունի, դրանով չես կարող ձեռք բերել վստահություն: Ժողովրդավարության իմաստը սա է՝ ոչ թե ձևական, այլ արդյունավետ:

Խորհրդային միության ժամանակ էլ կային ընտրություննր: Մի կուսկացություն էր, Լեհաստանում էլ 3 կուսակցություն էր, գնում էին, ընտրություններ էր անունը, բայց ձևական էր, արդյունավետ չէր: Եվ այս առումով մենք վերականգնելու մասին ենք խոսում: Նախորդ տոտալիտար, ավտորիտար կառավարման ժամանակ ժողովրդավարական ինստիտուտների բացակայություն կար, և դա պայմանավորված էր այդ իշխանության հակաժողովրդավարական տրամաբանությամբ: Խիստ տարբեր աշխարհներ են: Ճիշտ է, մենք այդ տարբեր աշխարհներից երկուսում էլ ապրել ենք, բայց հիմա մենք պետք է վերականգնենք: Սա է օրակարգային մեր խնդիրը. ոչ թե զարգացնել, այլ ամրագրել, ձևավորել, ստեղծել, այն ինչ չկար: Անունը կար՝  «Հանրաքվեի մասին» օրենք և «Տեղական հանրաքվեի մասին» օրենք, բայց դրանք երբևէ չեն կիրառվել: Ասում եմ՝ մի անգամ մենք փորձեցինք կիրառել, և արդյունք չեղավ:

Գիտե՞ք ինչ է գրված «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում. հանրաքվեով կարող են լուծվել (որը չէր համապատասխանում իրենց իսկ սահմանդրական նորմին) հարցեր՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերին: Իսկ ո՞ր հարցերն են, որ արդեն կարող են հանրաքվեով լուծել, վերջին հաշվով: Չկա ամրագրված: Եվ դրա համար էլ մերժեցին բողոք-դիմումը՝ ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի մակարդակով:

Երբ որ հիմա խոսում են Սահմանադրական դատարանի լեգիտիմության մասին, ես ուղղակի անընդհատ հիշում եմ այդ կոնկրետ որոշումները, ինչպիսի հակաժողովրդավարական որոշումներ էին կայացնում: Նույնիսկ իրենց իսկ սահմանադրական նորմերի անմիջական կիրառելիության սկզբունքն էին խախտում և տեսան, որ ամենահեշտ տարբերակն ուղղակի 2015 թվականի իրենց պարտադրած Սահմանադրության նախագծից հանելն է, որ ընդհանրապես մենք նույնիսկ հղում չկատարենք օրենքի սահմանադրականության հարցին: Այնպես որ, եկեք չհամեմատենք, դրանք խիստ տարբեր համակարգեր են, մենք վերաստեղծում ենք այն, ինչ 90-ական թվականների սկզբին սկզբնավորվել էր և այդպես էլ տրամաբանական շարունակություն չստացավ, խաթարվեց:

Աննա Սահակյան

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է խմբագրությունը, և այն չի արտացոլում Եվրոպական միության ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տեսակետները:

x