ԱԺ-ն քննարկեց օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորություններին առնչվող հարցը |armnepress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալ:  «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

«Ներկայում օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում: Միաժամանակ օտարերկրացիների մասին օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

Սակայն նշված բացառությունները չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալի կամ կալանավորված անձի, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացի անձի նկատմամբ: Իրավունքների համահավասարությունը, նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել նրանց ներգրավվել տարբեր աշխատանքներում»,-ասաց Գալյանը:

Նա այդ համատեքստում նկատեց՝ պատժի կատարումն ունի վերասոցիալականացման և անձի օրինապահ վարքագիծը խթանելու նպատակ, անձի ուղղման տեսանկյունից կարևոր է աշխատանքի ապահովումը: Փոխնախարարի խոսքով՝ նման առաջարկի համար նկատի են ունեցել այդ անձանց իրավունքների լրիվ իրացումն ապահովելը: Նախագծի վերաբերյալ կառավարությունը բացասական արձագանքներ չի ստացել:

 

x