Դատական մարմնի անկախությունն առանցքային է․ զրույց Գերմանիայի պետնախարարի հետ |civilnet.am|

civilnet.am: Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետնախարար, Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարար Մայքլ Ռոթը (Michael Roth) վստահ է՝ Հայաստանը «Թավշյա հեղափոխությունից» հետո անցնում է ներքին վերափոխման բարդ գործընթաց, որի արդյունքում երկրում պետք է ապահովվի ժողովրդավարության զարգացումը և դատական համակարգի անկախությունը:

Այլապես, վստահ է նա, առաջընթացի ու եվրոպական արժեքների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլի մասին Բեռլինում Մայքլ Ռոթի հետ զրուցել է Արշալույս Մղդեսյանը։ Այցը Բեռլին տեղի է ունեցել «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի շրջանակում:

- Պարոն Ռոթ, ինչպես եք գնահատում հատկապես անցյալ տարվա «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլը: Կա՞ն լուրջ փոփոխություններ այստեղ:

- Մենք մեծապես գնահատում ենք, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարությունը հաստատեց ԵՄ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Մենք չափազանց հետաքրքրված ենք բարելավելու այս համագործակցությունը` հիմնվելով ընդհանուր արժեքների վրա, այն է` ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի:

Եվ, եթե Հայաստանի կողմից կա հետաքրքրություն՝ գնալու ճիշտ ուղղությամբ, մենք աջակցություն կցուցաբերենք, քանի որ մեր շահերից է բխում ժողովրդավարական արժեքների հաստատումը ոչ միայն խոստումների մակարդակում, այլև հայ հասարակությունում և քաղաքականությունում:

- Հայաստանում այժմ ընթանում են դատական համակարգի բարեփոխումներ: Տեղի է ունենում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց, որն ընդդիմությունը համարում է քաղաքականացված: Արդյոք Եվրամիության համար մինչև վերջ ընդունելի՞ են այս գործընթացները:

- Տրանֆորմացիան ծայրահեղ բարդ գործընթաց է ոչ միայն քաղաքական էլիտայի կամ բիզնեսի համար, այլև հասարակ քաղաքացու, սակայն դատական մարմնի անկախությունն առանցքային է: Մեր համագործակցութունը հիմնվում է արժանիքների վրա։

Եթե Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարելավել համագործակցությունը դատական բարեփոխումների ոլորտում, մենք պատրաստակամ կլինենք տրամադրելու փորձագիտական և տեխնիկական աջակցություն, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում, որ Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում դատական համակարգի անկախությունը լինի երաշխավորված: Սակայն ես պատկերացնում եմ, թե ինչքան հակասական է դա, քանի որ առանց դատական համակարգի անկախության ժողովրդավարություն հնարավոր չէ:

- Կցանկանայի խոսել Հայաստանի՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մասին: Ինչո՞ւ մենք չենք տեսնում այդ գործընթացի արագացում, անգամ չի սկսվել վիզա-դիալոգը:

- Ես մեծապես գնահատում եմ հայ երիտասարդության կողմնորոշումը դեպի Եվրոպա, և այս առումով անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը, և վիզաների ազատականացումը կարևորագույն դեր ունի այստեղ, սակայն Եվրոպական հանձնաժողովն (ԵՀ) է ղեկավարում գործընթացը:

Այս առումով ես հորդորում եմ ԵՀ-ին և Հայաստանի կառավարությանն արագացնել գործընթացը, քանի որ տեսնում ենք, թե իրականում որքան բարդ է այդ գործընթացն ընթանում, նաև՝ քանի որ վիզայի ազատականացումը շատ հակասական գործընթաց է հենց ԵՄ անդամ երկրների միջև: Ես հույս ունեմ, որ բանակցությունների գործընթացը կարագանա, մենք կկարողանանք սկսել այն, քանի որ ի վերջո չափազանց կարևոր է կապել Հայաստանը և ԵՄ-ն, որի կարևոր քայլ է, հատկապես երիտասարդության համար, վիզաների ազատականացումը:

- Կխնդրեի այս գործընթացին անդրադառնանք՝ ձեռքի տակ ունենալով Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները: Այդ երկրների համար արդեն իսկ ազատականացվել է Եվրամիության վիզային ռեժիմը:

- Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ, միշտ կա բարելավման տեղ։ Վիզաների ազատականացման օրինակը Վրաստանում, ինչպես դուք նշեցիք, պետք է հաշվի առնենք, որ չափազանց հակասական հարց է։ Նիդեռլանդներում, օրինակ, քաջատեղյակ են Վրաստանի իրավիճակի մասին, և այս պատճառով Նիդեռլանդները խնդրեցին այսպես կոչված SNAP գործընթացը, որը վիզաների ազատականացման պայմանների վերանայման գործընթաց է, ինչը ցույց է տալիս, թե որքան նուրբ է խնդիրը որոշ անդամ երկրների համար:

Շարունակությունը՝ civilnet.am-ում

x