«Մեր երկրում միտքը հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է». վարչապետը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա»-ի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը և ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Վարչապետ Փաշինյանն անձամբ պարգևներ է հանձնել «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին:

Կառավարության ղեկավարը նաև դիտել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցներից կազմված «Նաիրի» ազգագրական պարային համույթի կատարումը, որի շրջանակում ներկայացվել է հայկական «Ճոճք» պարաձևը: Ելույթներ են ունեցել «Սինոփսիս» ընկերության արտասահմանյան և հայաստանյան ղեկավարները, ովքեր անդրադարձել են Հայաստանում ընկերության ծավալած 15 տարիների գործունեությանը:

Վարչապետը Շնորհավորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և ասել, որ «Սինոփսիսի»նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր և նշանակալի է բոլորիս համար:

«Այդ ընկերության մուտքը, չնայած 15 տարի առաջ է տեղի ունեցել, բայց համընկնում է մեր կառավարության ձգտումներին և գործունեությանը: Այդ ձգտման մասին մենք բազմիցս խոսել ենք, և եթե ավելի կարճ ձևակերպենք, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի, գործունեության և տեխնոլոգիական երկիր, և սա շատ կարևոր է մեզ համար»,- նշել է նա։

 

x