Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց, որ «որոշ ուժեր» չարաշահում են ժողովրդավարության հնարավորությունը եւ հասարակության մեջ պառակտումներ ստեղծում:

«Հիմնականում արտախորհրդարանական ուժերը ֆեյք հաշիվների եւ ոչ հրապարակային հանդես գալու միջոցով չարաշահում են ժողովրդավարական հնարավորությունները»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար է հաճախ իմանալ, թե այդ ֆեյք հաշիվների հետեւում ովքեր են կանգնած, որովհետեւ տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ «Ֆեյսբուք»-ը չի տրամադրում»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը եւ չի թողնում, որպեսզի հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ:

«Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ասում էր, որ իրենք փոփոխություն են կատարում՝ երկիրը ժողովրդավարացնելու նպատակով եւ վերարտադրության խնդիր դրված չէ: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար եւ այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանն ստացել է իր մասնաբաժինը: Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաեւ հեղափոխությունը»,- ասաց Գրիգորյանը:

 

x