Բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am:  Այս իշխանության հիմնական սկզբունքը եղել է այն, որ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չենք կարող գտնել։ Այս մասին ԵՊՀ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նկատեց, որ եթե իրենք ցանկանային միանշանակ և առանց քննարկման որևէ սկզբունքային հարց առաջ տանել, ապա այդ քննարկումները չէին լինի և չէին ցանկանա իրենց փաստարկները ներկայացնել. «Մենք պատրաստ ենք երկխոսության և ես իմ հայտարարությունների մեջ նշել եմ։ Չգիտեմ՝ որտեղից եք վերցրել, որ ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Ասել եմ, որ կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը և բնականաբար եթե կա որոշակի գործընթաց և օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա այդ տրամաբանությանը պետք է հետևել և փաստերով ու փաստարկներով պաշտպանել քո սկզբունքը»,-նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է օրենքի նախագծի վերաբերյալ նախարարությանն ուղղված դիտողություններին, Արայիկ Հարութունյանը նկատեց, որ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել. «Ես այսօր խնդրել եմ ևս մեկ անգամ այդ փաստաթղթերը նայել։ Մեզ այդ հարցի հետ կապված եկել են պատմության ֆակուլտետի դիտարկումները։ Բանասիրականից ոչինչ չենք ստացել»,-հավելեց նախարարը։

Խոսելով դպրոցներում սպասվող բարեփոխումներից, նախարարը նշեց, որ փոխելու են դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը։ Մաթեմատիկա, Պատմություն, Հայոց լեզու առարկաների ուսուցիչներն աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է քննություն հանձնեն նախարարության կողմից նշված մարմնում:

«Մենք կունենանք այս հարցում դասախոսների օժանդակության կարիքը: Ինչ-որ չափով կկարգավորվի այն հարցը, որ այս առարկաները դպրոցներում լավ չեն դասավանդվում: Ներկայում մշակում ենք համակարգ, ըստ որի, ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի կարիք չի ունենալու: Բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաներն աշակերտը 6 կիսամյակ քննություն է հանձնելու, և այլևս ընդունելության քննությունները վերանալու են»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ բարեփոխումների շրջանակում պատրաստ են ընդունել առաջարկներ:



Տեսանյութեր

x