Անկարայի պնդմամբ, C-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերումը տեղի կունենա մոտ ապագայում |azatutyun.am|

azatutyun.am։ «Ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հարցը զուտ ժամանակի խնդիր է»: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները:

«C-400 համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ժամկետների հստակեցումը զուտ տեխնիկական խնդիր է: Այդ գործարքի կնքումը, ըստ ամենայնի, շատ չի ուշանա», - նշել են գործակալության թուրքական աղբյուրները:

Ռուսաստանում արտադրված սպառազինության արտահանմամբ զբաղվող «ՌոսՕբորոնԷքսպորտ» ընկերության պաշտոնյաների խոսքով՝ Մոսկվայում ակնկալում են, որ C-400 համակարգերի ձեռքբերման շուրջ նոր գործարքն Անկարայի հետ կկնքվի 2020 թվականի առաջին կեսին:

C-400 զենիթահրթիռային համակարգերի մասին 2.5 միլիարդ դոլարի արժողության համաձայնագիրը Մոսկվան ու Անկարան ստորագրել էին 2017-ին։ Սա առաջին նման մեծ գործարքն էր ռուսական ռազմարդյունաբերության համար ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ։

Ընդ որում, այս գործարքի համար Ռուսաստանը Թուրքիային վարկ է տրամադրել, բացի այդ՝ խոստացել փոխանցել Անկարային ոչ միայն հրթիռները, այլև դրանց ստեղծման տեխնոլոգիաները։

x