Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել |panarmenian.net|

Թուրքիայում չեղարկել են քրդամետ կուսակցության հաղթանակն ընտրություններում և մանդատներ չեն տվել: Ընդդիմադիր Ժողովրդների ժողովրդավարական կուսակցությունը բողոք է հայտնել տեղական կառավարման մարմինների մարտի 31-ի ընտրություններում իր թեկնածուների հաղթանակի չեղարկման վերաբերյալ:

Ըստ կուսակցության ներկայացուցիչների, Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը «ծուղակ է պատրաստել»՝ արգելելով թեկնածուներին մանդատներ ստանալ, թեև նրանց պաշտոնապես թույլատրվել էր մասնակցել ընտրություններին:
Կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է կուսակցության ներկայացուցիչ Սարուխան Օլուչի մամուլի ասուլիսի տեսագրությունը, որտեղ նա հայտարարել է, որ ընտրահանձնաժողովը կուսակցության դեմ քաղաքական դավադրության մասնակից է, գրում է Deutsche Welle-ն:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն արգելել է պատգամավորական մանդատ ստանալ այն քաղաքական գործիչներին, որոնք կորցրել էին իրենց պաշտոնները արտակարգ դրության ժամանակ, որը հայտարարվել էր 2016-ի հուլիսին, երկրում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո: Եթե նրանք մեծամասնություն են ստացել, ապա նրանց մանդատը փոխանցվում է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին:

Ըստ Ժողովրդների ժողովրդավարական կուսակցության հաշվարկների, կչեղարկվի իր թեկնածուներից 8-ի մանդատը, որոնք հաղթել են առավելապես քրդաբնակ շրջաններում: Մանդատները հիմնականում կանցնեն Էրդողանի կուսակցության՝ ԱԶԿ-ի անդամներին:

x