Հարկային համակարգի փոփոխությունը 2018 թ. հեղափոխու­թյան լույսի ներքո |diskurs.am|

diskurs.am:  Ներկայացնում ենք «Հարկային օրենսգրքի փոփոխությունները 2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների և հետևանքների լույսի ներքո» դիրքորոշման փաստաթղթի ներածական մասը։ Հետազոտությունն իրականացվել է անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի և Քաղաքական դիսկուրս հանդեսի համատեղ ծրագրի շրջանակում:

1. Ներածություն

ՀՀ կառավարությունը հարկային օրենսդրության փոփոխություններ է նախաձեռնել, որի նպատակներից մեկը եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից համահարթ համակարգի անցումն է: Օգտակար է հիշել, որ «պրոգրեսիվ» հայերեն նշանակում է «առաջադիմական»:

Այս փաստաթուղթը ներկայացնում է մի խումբ քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր համաձայն չեն ՀՀ կառավարության նախաձեռնած վերը ներկայացված փոփոխությունների գաղափարի հետ և այդ առումով հանդիսանում է դիրքորոշման փաստաթուղթ (position paper):

Եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունն առաջին տարում կհանգեցնի պետական բյուջեի 27-37 մլրդ դրամ եկամուտների կորստի, որոնք կարող էին օգտագործվել.

  • Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության բարելավման համար,
  • հանրակրթության որակի էական բարելավման համար, ինչը աղետալի պայմաններում սովորող մի շարք դպրոցների աշակերտներին հնարավորություն կտար ամենատարբեր բնագավառների վերաբերյալ խորը գիտելիքներ ստանալ, կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, հետագայում բարձր աշխատավարձ ստանալու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար,
  • առողջապահական ծառայությունների բարելավման համար, ինչը հնարավորություն կտար որակյալ ծառայություններ մատուցել հասարակության լայն շերտերին, որոնց զգալի մասն այսօր զրկված են դրանից,
  • սոցիալական պաշտպանության ամենատարբեր խնդիրներ լուծելու համար (օրինակ՝ կենսաթոշակները բարձրացնելու),
  • ՀՀ առաջ ծառացած բնապահպանական և այլ խնդիրները լուծելու համար:

Համահարթ դրույքաչափին անցումը հարկաբյուջետային համակարգի պրոգրեսիվությանը կարող է չվնասել, եթե այն բացառություններ նախատեսի ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար, իսկ բարձր եկամուտ ունեցողների դեպքում հարկային օրենսդրությունը կիրարկվի ամբողջությամբ: Այս դեպքում հարկային համակարգը կարող է ավելի պրոգրեսիվ լինել, քան ավանդական իմաստով պրոգրեսիվ համարվող համակարգը: Սակայն մեծ սողանցքներ ունեցող հարկային համակարգը չի կարող այդպիսին համարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրոգրեսիվ համակարգից հրաժարվելու փաստարկների թվում ՀՀ կառավարությունը նշել է բարձր եկամուտ ունեցողների հարկերից խուսափելը, ապա այլ եղանակով պրոգրեսիվության հասնելու փորձերը կարող են անարդյունավետ լինել: Հարկաբյուջետային համակարգը կարող է պրոգրեսիվ դառնալ, եթե համահարթ և սպառողական հարկերի կիրառման արդյունքում հավաքագրվող եկամուտներն օգտագործվեն տնտեսական աճը խթանող և աղքատությունը կրճատող ծախսերի վրա:

Համահարթ դրույքաչափերի օգնությամբ ստվերային տնտեսությունը կրճատելու փորձը կարող է ապարդյուն լինել, քանի որ հասարակության մի մասի կարծիքով մի քանի տարի հետո կառավարությունը կարող է ստիպված լինել բարձրացնել հարկերը երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Պրոգրեսիվ հարկման համակարգը արտաքին աշխարհից եկող ցնցումների դեպքում երկրի ֆինանսատնտեսական համակարգը պաշտպանելու, այդ պայմաններում երկրի անվտանգության և հանրության սոցիալապես խոցելի խմբերի առջև ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ միջոցների կուտակման աղբյուրն է և այդ ցնցումներից պաշպանության առաջին շերտը: Պրոգրեսիվ հարկման համակարգից հրաժարվելով կառավարությունը թուլացնում է այդ շերտը: Հայտնի են մի շարք դեպքեր, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկրները, հետևելով ԱՄՀ հորդորներին, վերադարձել են հարկման պրոգրեսիվ համակարգի:

2. Հարկերը և հարկային քաղաքականությունը

Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականության այն կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվել ակադեմիական հանրության, կառավարությունների, միջազգային կառույցների, փորձագետների և այլ շահառուների կողմից: Տարբերակվում են երկու տեսակի հարկեր՝ ուղղակի և անուղղակի:

Ուղղակի հարկերի դեպքում հարկային պարտավորության կատարման հետ կապված բեռը կրում են ֆիզիկական անձինք կամ կազմակերպությունները՝ այդ հարկերը վճարելով իրենց եկամուտներից, շահույթից կամ գույքի դիմաց: Կառավարությունը հարկի գումարը ստանում է եկամուտը կամ շահույթը ստացողից: Եկամուտը ստացողը, ի տարբերություն ավելացված արժեքի և ակցիզային հարկերի, իր որոշումներով չի կարող խուսափել եկամտային հարկ վճարելուց: Բազմաթիվ երկրներում եկամտահարկը գործատուն գանձում է աշխատավարձը վճարելիս, ապա գանձված գումարը փոխանցում է պետական բյուջե: Եկամտային հարկը և շահութահարկը դասվում են ուղղակի հարկերի թվին:

Աննուղղակի հարկերը սովորաբար գանձվում են ապրանք կամ ծառայություն մատակարարողի, աշխատանքներ կատարողի կողմից այդ ապրանքների գնորդների, ծառայությունները սպառողների կամ աշխատանքներն ընդունողներից դրանց դիմաց վճարման ժամանակ: Եթե երկրում կան այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք չեն հարկվում ավելացված արժեքի հարկով[1] (այսուհետ՝ ԱԱՀ), ապա տնային տնտեսությունները կարող են խուսափել ԱԱՀ վճարելուց կամ ավելի քիչ ԱԱՀ կվճարեն՝ սպառելով ԱԱՀ-ով չհարկվող ավելի շատ ապրանքներ և ծառայություններ: ԱԱՀ-ի մեծությունը սովորաբար առանձին նշվում է վճարման փաստաթղթերում: Աննուղղակի հարկեր գանձող կազմակերպությունը որոշակի պարբերականությամբ այդ գումարները փոխանցում է կառավարությանը: Անուղղակի հարկերի դեպքում հարկային պարտավորության կատարման հետ կապված բեռը կրում է ոչ թե ապրանքը մատակարարողը, ծառայությունը մատուցողը կամ աշխատանքներ կատարողը, այլ դրանք սպառողը: Անուղղակի հարկերի թվին են դասվում ԱԱՀ-ն, ակցիզային և սպառողական[2] հարկերը:

Անուղղակի հարկերն ավելի հաճախ կրում են ռեգրեսիվ բնույթ, իսկ ուղղակի հարկերը կարող են լինել ինչպես պրոգրեսիվ, այնպես էլ՝ ռեգրեսիվ: Անուղղակի հարկերը կարող են պրոգրեսիվ բնույթ ունենալ, եթե օրինակ, առաջին անհրաժեշտության սնունդը, որը մեծ տեսակարար կշիռ ունի ցածր եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքում, ազատվի ԱԱՀ-ից: Նույն կերպ եկամտային հարկը կարող է լինել ռեգրեսիվ, եթե ավելի բարձր եկամուտների վրա ավելի ցածր դրույք տարածվի կամ, եթե եկամուտների որոշ տեսակներ, օրինակ, կապիտալ եկամուտները չհարկվեն:

Մի շարք երկրներում հարկային համակարգի երկու հիմնական բաղադրիչներն են եկամտային հարկը և ԱԱՀ-ն: Կենտրոնանալով լատինամերիկյան փորձի վրա՝ Barreix և Roca-ն (2007) առաջարկում են ավելի մեծ ուշադրություն դարձնել եկամտային հարկի հնարավորությունների վրա: Ի լրումն եկամուտներ ապահովելուն, եկամտային հարկն ունի նաև սոցիալական համերաշխությանը նպաստելու կարևոր դերակատարում, քանի որ եկամտային հարկի կիրառման արդյունքում հավաքագրվող գումարների մեծ մասը գոյանում է բարձր եկամուտներ ունեցող հարկատուների վճարներից: Bird-ի (2009) կարծիքով եկամտային հարկի հուսալի համակարգ ունենալու համար զարգացող երկրները պետք է ընդլայնեն հարկման բազան, ինչը տարբեր երկրներում կարող է նշանակել պետական պարտատոմսերից ստացված եկամուտների, աշխատակիցներին տրված ոչ դրամական տեսքով արտահայտված հատուցումների, կապիտալ եկամուտների հարկում, արտոնությունների բացառում և չհաշվառվող տնտեսության ծավալների կրճատում: Հարկային արտոնություններ տալիս են և հարկային բարենպաստ միջավայր ստեղծելուն ձգտում են բոլոր կառավարությունները: Բարձր եկամուտ ունեցող երկրները բարենպաստ հարկային միջավայր են ձևավորում հետազոտությունների և զարգացման ծախսերի (R&D) համար (IMF 2015): Ցածր եկամուտ ունեցող երկրներն առաջարկում են հարկային արձակուրդներ (tax holidays) և հարկերի ցածր դրույքներ: Միջին եկամտով երկրները հաճախ ազատ հարկային գոտիներ են ստեղծում:

Վերջին տասնամյակներում արձանագրվել է եկամտային հարկի դրույքաչափերի նվազում: Լատինական Ամերիկայի երկրներում բարձր եկամուտների դեպքում 1985թ. կիրառվող միջին 51 տոկոս դրույքաչափը 2003թ. նվազել է մինչև 28 տոկոս (Lora և Cardenas 2006, հղումը Bird-ի, 2009): Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) անդամ ամենազարգացած երկրներում եկամտային հարկի դրույքաչափերը պրոգրեսիվ են և բարձր: Deloitte-ի (2017) զեկույցի համաձայն Ճապոնիայում եկամտային հարկի դրույքաչափերը պրոգրեսիվ են (5%-45%) և հարկման բազա է հանդիսանում ամբողջ, այդ թվում՝ Ճապոնիայից դուրս ստացված եկամուտը:

XIX դարում աշխարհի գրեթե բոլոր երկրներում գործում էր եկամտահարկի համահարթ դրույքների համակարգ: Հունգարիայում պրոգրեսիվությունը հարկային համակարգ մտավ 1909թ. Sandor Wekerle-ի նախաձեռնած փոփոխությունների ժամանակ, որոնք ուժի մեջ մտան միայն 1922թ. (Ambrus 2012): 2012թ. Ambrus-ն արձանագրել է, որ զարգացած երկրներն ունեն պրոգրեսիվ հարկային համակարգ: Արժույթի միջազգային հիմնադրամը (այսուհետ՝ ԱՄՀ) պրոգրեսիվ և համահարթ հարկային դրույքաչափերի վերաբերյալ մի քանի հետազոտություն է կատարել: Երբ դարասկզբին մի շարք երկրներ անցում կատարեցին համահարթ դրույքաչափի ԱՄՀ մասնագետները նկատեցին (Keen, Kim, and Varsano 2006), որ այս արմատական փոփոխության հետ կապված քննարկումներն ավելի շատ կենտրոնանում են հավաստիացումների և հռետորաբանական հնարքների, քան վերլուծությունների և փաստերի վրա: Նրանց կարծիքով հիմնական հարցն այն չէ, թե, արդյո՞ք, ավելի շատ երկրներ կանցնեն համահարթ հարկի, այլ այն, թե, արդյո՞ք, համահարթ հարկի անցած երկրները կհրաժարվեն դրանից: ԱՄՀ այլ մասնագետներ (Norregaard and Khan 2007) արձանագրել էին ԱԱՀ լայն տարածում և ուղղակի հարկերի, տուրքերի և աշխատուժի վրա տարածվող հարկային սեպի (tax wedge, որը համախառն եկամտի և հարկերի վճարումից հետո առձեռն ստացվող եկամտի տարբերությունն է) դրույքաչափերի կրճատում։ Միաժամանակ կանխատեսել են, որ դրույքաչափերի նվազեցումը և նոր երկրների կողմից համահարթ դրույքի ընդունումը շարունակվելու է: Հաշվի առնելով եկամուտների կարիքը՝ Norregaard և Khan-ի կարծիքով գլխավոր հարցն այն էր, թե ո՞րն է դրույքաչափերի հավասարակշռված մակարդակը: Norregaard և Khan-ը նաև կարծում էին, որ ավելի շատ երկրների կողմից ընդունվելուց հետո համահարթ դրույքաչափը կկորցնի իր դրական ազդեցությունը նոր երկրների համար, իսկ ուսումնասիրության պահին (2007թ.) առկա տնտեսության աշխուժության նվազումը կհանգեցնի հարկաբյուջետային դժվարությունների՝ ստիպելով հրաժարվել համահարթ համակարգից:

2017թ. հոկտեմբերի հրապարակման մեջ ԱՄՀ-ն (IMF 2017) կարծիք էր հայտնում, որ մեծահարուստները չեն վճարում հարկերի իրենց արդար բաժինը և արձանագրում, որ XX դարի 80-ական թվականներին ԱՄՆ-ում մեծ եկամուտներ ունեցող հարկատուների վրա տարածվող դրույքների նվազեցումը նպաստեց հարկի պրոգրեսիվության անկմանը: ԱՄՀ-ն այս միտումը դիտարկում է որպես ԱՄՆ-ում և բարձր եկամուտ ունեցող այլ երկրներում եկամուտների անհավասարությանը նպաստող էական գործոն, ինչը ՏՀԶԿ անդամ երկրներում եկամտային հարկի դրույքները 1981թ. 62%-ից 35-%-ի նվազեցնելու հետևանք է: 1990-ականների հարկային բարեփոխումներն ուղեկցվում էին չհարկվող շեմի բարձրացումով, ինչի արդյունքում հարկային բեռի հիմնական կրող էր դառնում հասարակության միջին խավը: ԱՄՀ-ն կարծիք էր հայտնել, որ «չափազանց մեծ անհավասարությունը կարող է քայքայել սոցիալական համերաշխությունը, հանգեցնել քաղաքական բևեռացման և, վերջին հաշվով, նվազեցնել տնտեսական աճի տեմպը»:

Դրույքաչափերի նվազման միտումը դիտարկելով որպես տնտեսական աճի վրա պրոգրեսիվ դրույքաչափերի հնարավոր բացասական ազդեցության հետ կապված մտահոգություն՝ ԱՄՀ հրապարակումը (IMF 2017) բարձրացնում էր պրոգրեսիվ հարկման համակարգում շեմերի կտրուկ բարձրացման հարցը։ Միաժամանակ արձանագրում է, որ օպտիմալ հարկերի տեսության համաձայն ներկայումս գործող դրույքաչափերի սահմանային մեծությունները պետք է ավելի բարձր լինեին, այնինչ առերեսվում ենք նվազման միտման հետ: Հարկային դրույքների պրոգրեսիվության ցածր մակարդակ ունեցող զարգացած տնտեսությունները կարող են բարձրացնել բարձր եկամուտներ ունեցող հարկատուների դեպքում կիրառվող դրույքաչափը առանց տնտեսական աճի համար խնդիրներ առաջացնելու:

Համահարթ հարկը ներդրած մի շարք երկրներ առերեսվել են եկամուտների անկման և հարկաբյուջետային անհավասարակշռությունների առաջացման հետ կապված խնդիրների հետ: 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը Լատվիայում հանգեցրեց եկամուտների կտրուկ նվազման: 2009թ. նոյեմբերին ԱՄՀ-ն Լատվիային առաջարկեց հրաժարվել հարկերի համահարթ համակարգից (Ambrus 2012): Չնայած Լեհաստանը նույնպես նման առաջարկ ստացավ, սակայն հրաժարվեց անցում կատարել պրոգրեսիվ հարկման համակարգի: Ռումինիան, որը համահարթ հարկին անցում էր կատարել 2005թ., տնտեսական ճգնաժամի և անբավարար եկամուտների պատճառով 2010թ. ստիպված էր ԱՄՀ-ից 20 մլրդ եվրոյի օգնություն խնդրել և հարկային քաղաքականության արմատական փոփոխության շուրջ քննարկումներ սկսել, որոնց հիմնական տարրերից մեկը եկամուտների և շահույթի պրոգրեսիվ հարկմանը վերադառնալն էր (Tax Justice Network 2010):

ՏՀԶԿ անդամ երկրների 1982-2009թթ. տվյալներն օգտագործելով՝ Attinasi-ն, Checherita-Westphal-ը և Rieth-ը (2011) եզրակացրել են, որ այլ հավասար պայմաններում, եկամտային հարկի ավելի պրոգրեսիվ համակարգ ունեցող երկրներն ունեցել են ավելի հզոր ավտոմատ կայունարարներ[3] (automatic stabilizers), որը տնտեսական անկումների ժամանակաշրջաններում հանդիսանում է դրանց դեմ պաշտպանության առաջին միջոցը:

Այս բաժնի հետագա մասերում ներկայացվում են եկամուտների և շահույթների պրոգրեսիվ և համահարթ հարկման, դրույքաչափերի նվազեցման միջոցով հավաքագրվող հարկերի մեծությունն ավելացնելու (Լաֆֆերի կոր), այլ վճարների և արևմտյան երկրներում հավաքագրվող հարկերի կառուցվածքի հետ կապված հարցերը:

 

[1] Սոցիալական խնդիրների լուծման նպատակով կառավարությունները կարող են որոշել ԱԱՀ-ով չհարկել սոցիալապես անապահով խավերի կողմից ավելի շատ սպառվող առաջին անհրաժեշտության ապրանքները: Եվրոպական մի շարք երկրներում մանկական հագուստը չի հարկվում ԱԱՀ-ով:

[2] Որոշ տնտեսագետներ սպառողական հարկը դասում են ուղղակի հարկերի թվին: Այնուամենայնիվ, սպառողական հարկն ունի նույն հատկանիշները, ինչ ԱԱՀ-ն, միայն այն տարբերությամբ, որ այն գանձվում է արժեքային շղթայի վերջում՝ սպառողի կողմից, այն դեպքում, երբ ԱԱՀ-ն գանձվում է արժեքային շղթայի յուրաքանչյուր փուլում:

[3] Ավտոմատ կայունարարները տնտեսական քաղաքականության այն գործիքներն են, որոնք թույլ են տալիս առանց կառավարության միջամտության չեզոքացնել տնտեսական ակտիվության վայրիվերումների հետևանքները: Ամենահայտնի ավտոմատ կայունարարները եկամտահարկն ու շահութահարկն են, ինչպես նաև գործազրկության և սոցիալական պաշտպանության նպաստները:

Արտակ Քյուրումյանը միջազգային զարգացման, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի անկախ հետազոտող և խորհրդատու է։ Նա աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Որպես անկախ խորհրդատու Ա. Քյուրումյանն աշխատել է Համաշխարհային բանկի, Եվրամիության, ԱՄՆ ՄԶԾ և Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող միջնաժամկետ ծախսերի, ծրագրի բյուջետավորման, հանրային պարտքի կառավարման և այլ ծրագրերում: Նա ունի ինժեներության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (MBA) Թուլեյնի համալսարանից։

x