Արտահանողներին աջակցության հիմնական ռեսուրսը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը․ Ֆինանսների փոխնախարար

Այս պահին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումեր են ընթանում։

Հիմնական զեկուցողը Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն է։ Նա իր ելույթում նշեց․

«Մինչև նախագծի մշակումը որոշակի վերլուծություններ ու ուսումասիրություններ են կատարվել՝ ախտորոշելու ներկայումս մեր երկրում առկա տնտեսական իրողությունները և դրանց զարգացման առաջնահերթություններն ու հնարավորությունները։ Առաջին միտումը, որ նկատել ենք և որ անհանգստացնող էր մեզ համար, այն էր, որ արտահանմանը կողմնորոշված տնտեսության ճյուղերի շահութաբերությունը էականորեն զիջում  էտնտեսությունում ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտների կամ ճյուղերի շահութաբերությանը։ Այդ տարբերությունը երբեմն հասնում է մինչև 2,5 գործակցի, այսինքն՝ 2,5 անգամ ներքինին կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունն ավելի է արտաքինից։

Սա էլ բերում է մեկ այլ միտում․ ներդրումները, բնականաբար, կատարվում են ավելի շահութաբեր ոլորտներում, տվյալ դեպքում՝ ներքին սպառմանը կողմնորոշված ոլորտներում։ Մյուս կողմից աներկբա է, որ մենք՝ որպես բաց տնտեսություն ունեցող երկիր չենք կարող տնտեսության զարգացման հեռանկարը կապել երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման հնարավորությունների հետ և պետք է փորձենք բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել արտահանումը՝ դրանով կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար։

Ինչպե՞ս աջակցել արտահանողներին։ Խոսքն այստեղ հարկային գործիքների մասին է, որովհետև բազմաթիվ այլ գործոններ էլ ունենք, որոնցով կարելի է պետական քաղաքականություն իրականացնել այս ոլորտում։ Գիտենք, որ հարկային գործիքներով աջակցության գործոնները սահմանափակ են։ Արդեն իսկ, ինչպես շատ երկրներում ԱԱՀ և ակցիզային հարկից ազատված է ապրանքը, հետևաբաև աջակցության հիմնական ռեսուրսը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը։ Դա էլ, ըստ էության, առաջարկվում է այս նախագծով։

Մասնավորապես, գիտեք, որ առաջարկվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը՝ երկու տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափերի համակարգ՝ սկսելով 2020 թ․ հունվարի 1-ից 23% դրույքաչափով, այնուհետև յուրաքանչյուր տարի նվազեցնելով մեկական տոկոս մինչև 20%: Բնականաբար, այս փոփոխությունները հանգեցնում են պետական բյուջեի հարկային եկամուտների կորստի։

Նշեմ, որ մեր բոլոր վերլուծությունները, որոնք սկսվել էին դեռևս 2018-ի հունիս-հուլիս ամիսներից, հիմնված են եղել 2017 թվականի ամփոփ ցուցանիշների հիման վրա, որովհետև այդ պահին պահին 2018-ի տվյալներ պարզապես չէին կարող լինել։ Բայց հաշվի առնելով, որ նախագծի մշակման, հետագա քննարկումների, կառավարության հավանությանը արժանացման, այնուհետև ԱԺ-ին ներկայացման գործընթացը բավական տևական ժամանակահատված ընդգրկեց, որի ընթացքում ավարտվեց նաև 2018 թվականը, ամփոփել ենք նաև այդ տվյալները և պատրաստ ենք ներկայացնել այդ ամփոփ տվյալները։

2017-ի ցուցանիշներով եկամտային հարկի գծով կորուստը գնահատվեց 27,5 մլրդ դրամ,  շահութահարկի կորուստը՝ շուրջ 11 մլրդ դրամ։ Ընտրությունը կանգ էր առնելու ԱԱՀ-ի ու ակցիզային հարկի վրա, մենք հասկացանք, որ ձեռնպահ ենք մնալու ԱԱՀ-ի ավելացումից, քանի որ այն ընդգծված ռեգրեսիվ հարկ է և հանգեցնելու է աղքատության խորացման։ Եվ որոշվեց կորուստի մի մասը լրացնել ակցիզային հարկի բարձրացմամբ։

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է ԱԱՀ շեմի վերականգնում՝ նախկին 115 մլնի մակարդակում։ Ընդ որում, նախատեսվում է հետադարձ ուժով կիրառություն։ Այսինքն՝ եթե օրենքը ուժի մեջ մտնելու պահին որևէ շրջանառության հարկ վճարող դեռևս չի հատել 58,35 մլն դրամի սահմանագիծը և չի դարձել ԱԱՀ վճարող, նրա համար շեմը վերականգնվում է 115 մլն դրամի մակարդակում։

Մենք գնահատել ենք, որ հարկային եկամուտների կորուստը կազմում է 11,5 մլրդ դրամ՝ ի դեպ, շատ պահպանողական հաշվարկներով։ 2017 թվականի տվյալներով այս 11,5 մլրդի շահառուները 2800 հարկ վճարողներ են։ Իսկ 2018-ի տվյալներով այս թիվը շուրջ 500-ով կրճատվել է, այսինքն՝ արձանագրենք՝ գինը, որ վճարում ենք բոլորս, շահառուն այս 2310 հարկ վճարողներն են։ 

Մեկ այլ համակարգային փոփոխություն ենք նախատեսում։ Խնդիր դրվեց հնարավորինս կրճատել հարկման համակարգերի բազմազանությունը։ Ներկայիս օրենսդրությամբ ունենք 5 համակարգ։ Առաջարկվում է այս հինգաստիճան համակարգից անցում կատարել եռաստիճան համակարգի»։ 


x