Շատ դեպքերում գուցե դանդաղ ենք աշխատում, ու ոմանք առիթավորվում են․ Փաշինյանը՝ գազի գնի թանկացման վերաբերյալ |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին:

Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարին խնդրեց տեղեկատվություն տալ, թե ինչ է կատարվում այս առումով:

«Գազի գինն այսօրվա դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում տատանվում է 255 դրամից մինչև 310 դրամի սահմաննեորւմ», - ասաց Արմեն Կոտոլյանը: Նրա խոսքով՝ որոշ տնտեսվարողներ գազի գինը թանկացրել են՝ հասցնելով մինչև 310 դրամի:

«Այս հարցի շուրջ խոսեցի ՊԵԿ-ից պարոն Մաշադյանի հետ, ով ասաց՝ քանի որ տնտեսվարողները նախկինում հնարավորություն են ունեցել չարաշահումների միջոցով գինը ցածր պահել, այսօր այդ հնարավորությունը չունենալու պատճառով՝ ստիպված են եղել գինը բարձրացնել» - ասաց Արմեն Կոտոլյանը:

Վարչապետը հետաքրքրվեց` արդյոք համոզված են, որ ճիշտ բանաձև են դրել օրենքի հիմքում:

«Այո՛, պարո՛ն վարչապետ, բայց փոփոխությունը ոչ թե գազի արժեքին է վերաբերել, այլ` ակցիզային հարկին: Խոսքը վերաբերել է միայն չափման միավորի փոփոխությանը, ոչ թե գումարի փոփոխությանը»,- ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց` նրանք, ովքեր գինը փոխում են, խոստովանո՞ւմ են, որ նախկինում սպառողներին խաբել են:

«Ըստ էության, այո՛, պարո՛ն վարչապետ», - ասաց ՊԵԿ նախագահը:

Վարչապետի խոսքով՝ այս ոլորտում քաղաքական առնչություն ունեցող մարդիկ կան:
«Նույնիսկ մենաշնորհային ավանդույթներ ունեցող մարդիկ, ու ես ուզում եմ հավատալ, որ նրանք փորձ չեն անի քաղաքական շահարկումների առիթ դարձնել էս հարցը: Մենք պետք է սրանով շատ լուրջ զբաղվենք, շատ դեպքերում գուցե մենք դանդաղ ենք աշխատում, հանրությունը մեզ մեղադրում է, ու ոմանք առիթավորվում են ոնց որ», - ասաց ՀՀ վարչապետը:

Նա կոչ արեց արագ զբաղվել այս հարցով:

«Շատ դեպքերում հնարավոր է, իրոք, շատ մեղմ ենք վերաբերվում մարդկանց», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենց խնդիրը սպառողի իրավունքի պաշտպանությունն է:

x