Իրավաբանների հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ

Իրավաբանների հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանի ելույթը Անցումային արդարադատության վերաբերյալ․ 

«Հարգելի ներկաներ,

ես ցանկանում եմ անդրադառնալ անցումային արդարադատության կարևորագույն մեխաննիզմներից մեկին՝ ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներին։ Հատուկ եմ շեշտում հաշտեցման, քանի որ մինչ այժմ անդրադարձ չկատարվեց և առավել ևս սխալ ընկալում եղավ ճշմարտության հանձնաժողովների՝ կապելով նրանց իրավապահ մարմինների հետ։

Եվ այսպես ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների վերաբերյալ ՄԱԿ֊ն իր զեկույցում տվել է, որ դրանք պաշտոնական արտադատական ժամանակավոր և փաստահավաք մարմիններ են, այսինքն նրանց առաջին ֆունկցիան նախկին իշխանությունների կողմից կատարված անօրինությունների վերաբերյալ փաստահավաք ինֆորմացիա ձեռք բերելն է, որոնողական ֆունկցիան է առաջինը։

Եվ հենց սրա միջոցով է, որ այն մարդիկ, ում իրավունքները խախտվել են, ում մարդասիրական իրավունքի նորմերի տեսանկյունից իրավախախտումներ են տեղի ունեցել, նրանց ձայնը պետք է լսելի լինի, նրանք պետք է գան և ճշմարտության հանձնաժողովներին հայտնեն, բարձրաձայնեն այդ խախտումների վերաբերյալ։

Եվ այս հանձնաժողովները պետք է ստեղծվեն որպեսզի ուսումնասիրեն, հավաքեն ամբողջ ինֆորմացիան և օժանդակեն, այսինքն օգնեն իրավապահ մարմիններին, տրամադրեն այդ ինֆորմացիան պատշաճ հետաքննություն իրականացնելու համար։

Եկեք ճշմարտության հանձնաժողովի դերը ճիշտ ընկալենք և հասկանանք, որ նախ վերականգնողական արդարության բնույթ ունի։ Երկրորդը՝ հաշտեցման ֆունկցիան, այսինքն անցումային արդարադատության մեխը հենց սոցիալական համերաշխության բերելն է և այս հանձնաժողովները հենց այդ նպատակը պետք է ունենան։

Այդ է պատճառը, որ ես կարծում եմ, որ այս հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն և նախկին իշխանության, և գործող վարչակարգից ներկայացուցիչներ։ Քանի որ միայն այս կերպ հնարավոր է հասարակության այդ բևեռացումը մեղմել և սոցիալական համերաշխություն հաստատել։

Այս հանձնաժողովները ստեղծված են հաշտեցնելու համար։ Երրորդ ֆունկցիան, որ ունեն ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովները, փոխհատուցման եղանակներ առաջարկելն է։ Խնդրում եմ կրկին չշփոթել անցումային արդարադատության մյուս կարևորագույն գործիքի փոխհատուցման ինստիտուտի հետ՝ ոչ թե հանձնաժողովը փոխհատուցում է տալիս, այլ ճշմարտության հանձնաժողովը առաջարկում է փոխհատուցման եղանակ։

Ես վստահ եմ, որ Հայաստանում պետք է ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ ստեղծվեն բացահայտելու հենց կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

Եվ այստեղ խոսքը գնում է ոչ թե կոռուպցիոն սխեմաների բոլոր մասնակիցների, այլ հիմնական դերակատարների, ովքեր որ այդ կոռուպցիոն սխեմաները ստեղծել են և ճշմարտության հանձնաժողովների դերը կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ է, քանի որ սրանք ճշմարտության որոնմանն ուղղված գործընթացներ են սկսելու և պետք է քաղաքացիները տեղյակ լինեն, պետք է ճշմարտությունը բացահայտվի։

Գտնում եմ, որ այս հանձնաժողովում լինեն անկախ փորձագետներ, պետք է լինեն հայ և սփյուռքահայ ներկայացուցիչներ, այլ ոչ թե միջազգային, այսինքն սուվերենությունը պետք է պահպանվի հանձնաժողովի։

Շնորհակալություն»։

x