Հայկ Մարությանի կարծիքով` հանրային տրանսպորտը պետք է ղեկավարի համայնքը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հանրային տրանսպորտն 90 տոկոսով պատկանում է մասնավոր ընկերություններին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեմ է դրան և պատկերացնում է, որ առաջիկայում այն պետք է լինի համայնքի, պետության կառավարման ներքո:

Մարությանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Հանրային տրանսպորտը 90 տոկոսով մասնավորին է պատկանում: Ես այդ սխեմային դեմ եմ: Ես գտնում եմ, որ հանրային տրանսպորտը մեծամասամբ պետք է կառավարի համայնքը, պետությունը»,-ասաց Մարությանը:

Նա նշեց, որ նաև ունեն պատրաստ ծրագիր, ներկայացրել են կառավարություն, և այս պահին կառավարության կողմից հավաքվում է աշխատանքային խումբ, որտեղ պետք է վերջնական քննարկվի ծրագիրն ու ի կատար ածվի: «Այստեղ մեր պատկերացմամբ տրանսպորտը լինելու է համայնքային կամ պետական: Վստահեցնում եմ, որ վերջին չորս տարում «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում և սպասում են նոր տրանսպորտային համակարգին»,-նշեց քաղաքապետը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին Երևանում գործում է 900 միկրոավտոբուս, որոնցից 450-ը հաջորդ տարի դառնում են 15 տարեկան: Օրենքով արգելվում է, որ դրանք շահագործվեն: Մարությանի կարծիքով` դա խոսում է նրա մասին, որ «գծատերերը» ոչ մի ներդրում չեն անում:

Նա նշեց, որ շատ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ գալիս են և խնդրում, որ այն գիծը, որն իրենք սպասարկում են, վերցնեն, չեն ուզում սպասարկել, քանի որ ձեռնտու չէ: Մարությանը վստահեցրեց, որ եթե համայնքը կառավարի հանրային տրանսպորտը, դա ոչ թե պատիժ, այլ նվեր է լինելու այդ մասնավոր ընկերությունների համար:

x