Ռոբերտ Քոչարյանը դատարան է եկել դատավորի մուտքից. Դատախազը հանդես եկավ հայտարարությամբ |aysor.am|

aysor.am: Այսօր վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննության ժամանակ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ։

Նրա ներկայացմամբ՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը արդեն 2-րդ դատական նիստն է, որ դատական նիստերի դահլիճ է մուտք գործում դատավորի համար նախատեսված փակ մուտքից։ Դատախազը նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանից փորձեց ճշտել՝ արդյոք դատարանը տեղեկացված է այդ մասին։

«Պաշտպանական կողմից առնվազն պարզաբանում եմ պահանջում՝ ինչո՞ւ է այդպես և արդյոք դա չի՞ ենթադրում շփում գործը քննող դատավորի կողմից»,- հարցեր բարձրացրեց մեղադրող դատախազը։

Դատավոր Արմեն Դանիելյանը ի պատասխան հայտարարեց, որ որևէ շփում չի կարող լինել և հավելեց. «Ինչ վերաբերում է այլ մուտքից մուտք գործելուն, այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ։ Պատեհ պահի ես կճշտեմ, և եթե նպատակահարմարության անհրաժեշոտթյուն կա, պարզաբանում կտամ։ Իմ կողմից նման կարգ չի սահմանվել, որևէ մեկն ինձ այդ մասին չի դիմել։ Ինչ վերաբերում է շփումներին՝ բացարձակ որևէ շփում չկա»։

Դատավորի պատասխանից հետո դատախազը դիմեց պաշտպանական կողմին, և պաշտպանական կողմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը այդ կապակցությամբ հայտարարեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ բոլոր պաշտոնաթող նախագահները համապատասխան օրենքի համաձայն, ունեն հատուկ կարգավիճակ, որի շրջանակներում տեղաշարժվում են հատուկ ծառայողների ուղեկցությամբ, այդ թվում՝ դատական նիստերի դահլիճ մուտք են գործում այլ մուտքից։ Եթե դատախազությունը գտնում է, որ սա ռիսկ է առաջացնում դատավորի կողմնակալության մասով, խնդրեմ, կարող են միանալ մեր ինքնաբացարկին»։

Գևորգ Բաղդասարյանն իր հերթին նկատեց, որ իրենք կսպասեն դատարանի պարզաբանմանը, ինչին դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դա անվտանգության նկատառումների հիման վրա է արվում։

 

x