Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը. Հայկ Մարությանը՝ Ստեփանակերտում

Երևանի քաղաքապետի՝ Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը:
ԻՆչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է.

«Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արևելյան մայրաքաղաքը՝ պայծառ, մաքուր, կոկիկ ու, ամենակարևորը՝ անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, և մենք, այո՛, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք Ձեր երևանաբնակ եղբայրներին ու քույրերին:

Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր երկու մայրաքաղաքներն իրար հետ շփման բազմաթիվ առիթներ են ունենում՝ սկսած փոխայցելություններից, համատեղ կառուցապատման ու բարեկարգման ծրագրերից, վերջացրած՝ մշակութային ու մարզական միջոցառումներով: Եվ առավել ուրախ եմ, որ այդ միջոցառումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում և արդեն միջազգային մասշտաբներ են ձեռք բերում: Մի քանի շաբաթ հետո Երևանն ընդունելու է Ֆուտբոլի միչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Սա մեր քաղաքի համար իսկապես խոշոր իրադարձություն է լինելու, թերևս ամենախոշոր մարզական միջոցառումը մեր երկրի պատմության մեջ: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար՝ CONIFA-ի գավաթը: Մենք ոգևորությամբ էինք հետևում այդ խաղերին: Ավելի մեծ ոգևորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում»:
Երևանցի տաղանդավոր փոքրիկներն իրենց կատարումներով հրաշալի երեկո են պարգևել արցախցիներին:

x