Քրեակատարողական հիմնարկին գումար տրամադրելու հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից |aysor.am|

aysor.am։ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 185 մլն 61 հազար դրամ գումար հատկացնելու վերաբերյալ։

Նա, սակայն, նշեց, որ մինչ հարցի զեկուցումը քննարկում է ունեցել ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանի հետ։

«Վերջինս խնդիր է տեսնում այս նոր նախագծի ընդունման հետ կապված, քանի որ որոշակի չարաշահումներ են հայտնաբերվել», - ասաց Ռուստամ Բադասյանը։
ՊՎԾ պետի պաշտոնակատարը ներկայացրեց, որ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ 2018 թվականի նոյեմբերի 22-ի կառավարության որոշմամբ տրամադրված դրամական միջոցների արդյունքում նախաձեռնված վերանորոգման և կառուցապատման աշխատանքներն իրականացվել են նախագծա-նախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։

«Ինչպես նաև խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների կատարման կապակցությամբ։ Պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ժամանակին ծառայություններ են մատուցել ՔԿ ծառայությանն, ինչը հիմք է տվել, որպեսզի ՊՎԾ-ի կողմից արձանագրված խախտումները ներառվեն ուսումնասիրությունն ամփոփող տեղեկանքում», - ներկայացրեց Արգիշտի Քարամյանը։
Նա նշեց, որ տեղեկանքն ուղարկվել է դատախազություն։

«Ունենք մի իրավիճակ, որ նախորդ որոշմամբ հատկացվել է գումար, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն, դրանք կատարվել են թերություններով, մի մասն ընդհանրապես չի կատարվել։ Այս նախագծով նախորդից մի քիչ էլ ավելի գումար ենք ուզում նույն աշխատանքները կատարելու համար տրամադրել։ Առաջարկում ենք այդ նախագծի քննարկումը հետաձգել», - ասաց Արգիշտի Քարամյանը։

Վարչապետը հետաքրքրվեց՝ այդ ծառայությունների համար վճարումներ արվե՞լ են։
ՊՎԾ պետի պաշտոնակատարը տեեկացրեց, որ վճարումների 95 տոկոսն արվել է, սակայն չի փոխանցվել աշխատանքները կատարող ընկերություններին, դրանք սառեցված վիճակում են։

Հարցը հանվեց նիստի օրակարգից։

x