Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն է. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերում է ՀՀ զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որը Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի, «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անհատական ջանք ասելով՝ նկատի ենք ունենում, օրինակ, «Ապագա ռեզորթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ ՌԴ-ից պետք է գա Հայաստան և իր հայրենի Ենոքավան գյուղի լքված տարածքում ստեղծի մի իրականություն, որը պետք է փոխի Ենոքավանի կյանքը։ Նկատի ենք ունենում Քարահունջ գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են սփյուռքից և Հայաստանում ստեղծում են նոր իրականություն», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, կառավարության ամենամեծ ջանքը նման մարդկանց օրինակներն ի ցույց դնելն է, մյուսներին ոգեշնչելը։

«Հայաստանում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ աջակցություն ունենալու՝ հասել են արդյունքների։ Նրանք չեն հանձնվել, չեն հուսահատվել։ Այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են, նրանց օրինակները պետք է ոգևորեն ուրիշներին։ Այս բոլոր մարդիկ մեծ հաջողություններ են ունենալու, որովհետև աշխատանքը չի կարող չբերել հաջողության», - նշեց գործադիրի ղեկավարը։

x