Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ԺՊ-ին մեղադրում են ապօրինության համար. նա դա չի ընդունում ու կսպասի դատարանի որոշմանը |armtimes.com|

armtimes.com։ Մինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հայտարարել է դասախոսների մրցույթ, ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գոհունակությամբ փաստում է, որ դրան մասնակցելու համար դիմել է շուրջ 450 մասնագետ, իսկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղի ունեցողը համարում է բուհի առողջացման քայլ ու անվերապահ վստահություն հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ՀՊՏՀ մի խումբ աշխատակիցներ վստահ են, որ գործընթացը հակասում է ոլորտը կարգավորող տարբեր օրենքների:

Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, նույն բուհում նախկինում վարչական պաշտոններ զբաղեցրած Արմեն Կարախանյանը պնդում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը, որն ընդունվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, հակասում է «Բարձ­րագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի որոշ դրույթների, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքների:

Նա եւ գործընկերներից 15 հոգի արդեն երկու անգամ դատական հայց են ներկայացրել՝ վիճարկելու դասախոսների ընտրության գործընթացի օրինականությունը: Երկու անգամն էլ հայցը վերադարձվել է տեխնիկական թերությունների պատճառով: Կարախանյանը նշեց, որ վերաձեւակերպելուց հետո այն նորից կուղարկվի դատարան:
Մեր զրուցակցի խոսքով, փորձ է արվում իրենց պայքարը ներկայացնել իբրեւ ընդդեմ տեղի ունեցող բարեփոխումների:

Նա ընդգծում է, որ եթե դրանք իսկապես բարեփոխումներ լինեին ու խանգարողն էլ՝ իրենք, պատրաստ կլինեին հեռանալ, որովհետեւ բոլորն են կողմ բարեփոխումներին: Բայց, ըստ Կարախանյանի, իրենց համար կարեւոր է կատարվող գործընթացների օրինականությունը, ինչը չեն տեսնում: «Փորձ է արվում բարեփոխումների անվան տակ քողարկել ապօրինություններն ու անօրինականությունները»,- ասաց նա:

Մանրամասնելով, նշեց, օրինակ, որ մրցույթը հայտարարվել է ոչ թե հաստիքների համար, այլ դասաժամերի, ինչը հակասում է օրենքին, քանի որ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատությունում ընտրովի են ռեկտորի, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրենի, ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի, դասախոսի պաշտոնները:

Ընդ որում, ըստ նույն օրենքի, այդ պաշտոնները զբաղեցվում են բուհի կառավարման մարմիններում, այսինքն՝ խորհուրդներում հավակնորդների թեկնածությունները քննարկելու եւ գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով: ՀՊՏՀ-ում, սակայն, ըստ Արմեն Կարախանյանի, այսօր անցկացվող մրցույթները կազմակերպում եւ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները (բացառությամբ պրոֆեսորի ընտրության):

ՀՊՏՀ-ում աշխատող մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ մրցույթի հայտարարության մեջ չի նշվում, թե հաղթողներն ինչ ծանրաբեռնվածություն են ունենալու կամ եթե, ըստ էության, քննություն են հանձնելու, ապա հարցերի ինչ շրջանակ է իրենց առաջադրվելու (հանձնաժողովի հինգ անդամների մեծ մասն էլ ոչ մասնագետ են): «Հիմա եթե ՀՀ-ում գտնվի գեթ մեկ իրավաբան, որն ինձ հիմնավորված ներկայացնի, որ օրենքի հետ հակասություն չկա, ես կլռեմ ու ներողություն կխնդրեմ: Չկա այդպիսի մարդ ու չի էլ կարող լինել»,- համոզմունք հայտնեց Կարախանյանը՝ միեւնույն ժամանակ բանավեճի հրավիրելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:

Շարունակությունը՝ armtimes.com

x