Մինսկի խումբը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), հունիսի 27-28-ը Վիենայում և Բրատիսլավայում հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտգործնախարարար Միրոսլավ Լայչակի հետ:

Եռանախագահները ներկայացրել են վերջերս տարածաշրջան կատարած իրենց այցի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Մոսկվայում, Վաշինգտոնում ունեցած հանդիպումների արդյունքները: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները ողջում են Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը:

Համանախագահները կողմերին կոչ են անում լրացուցիչ մարդասիրական հստակ քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ խաղաղության, առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտն ամրապնդելու նպատակով:

Հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցել էին իրենց տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

x