Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար անհրաժեշտ է 10 անգամ ավելի գումար, քան ներկայացվում է. Վաչե Գաբրիելյան |pastinfo.am|

pastinfo.am։ Երկու տոկոսանոց հարկային արտոնություններն էական փոփոխություն չեն մտցնելու,- հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած «Հարկային փոփոխությունների ազդեցությունը առաջանցիկ տեմպերով ներդրումների ավելացման վրա» թեմայով քննարկման ժամանակ նախկին փոխվարչապետը նշել է, որ հարկային դրույքաչափերը ներդրումային գրավչության վրա չեն ազդում, եթե դրանք 50 կամ 60 տոկոս չեն:

Հարցին ի պատասխան, թե արդյոք հիմա Հայաստանում ներդրողների համար հարմար միջավայր ստեղծված է, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս պահին էական տարբերություններ ինստիտուցիոնալ ռեժիմների տեսակետից չկան, թերևս կա ավելի շատ հավատ, որ մրցակցությունն ավելի իրական է: Հավատից բացի՝ թվային ցուցանիշներով չափել չեմ կարող, սակայն դա չի նշանակում, որ չկա»:

Ներդրումներ գրավելու համար Վաչե Գաբրիելյանը կարևորում է շուկայի չափը, հարկային վարչարարության արդյունավետությունը, դատական համակարգը և մի շարք այլ գործոններ:

Նախկին և ներկա կառավարությունների աշխատանքները նախկին փոխվարչապետը համեմատել չցանկացավ։

Նա անդրադարձավ նաեւ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմանը՝ նշելով, որ դրա համար ավելի շատ գումար է հարկավոր, քան ասում է իշխանությունը: «Ես կարող եմ դիտարկել միջին ժամկետ ծախսերի կտրվածքով, քանի որ գնահատականը, որը տրված է ուղեկցող փաստաթղթում, տասնյակ միլիարդների է հասնում և իմ հաշվարկների նվազագույնով շուրջ 55-60 միլիարդ է, այդ գումարը բարձրացնելու համար որտեղ է, ես դեռ չեմ կարող ասել:

Որոշ պատգամավորներ, նախագծի հեղինակներ ասում են, որ իրականում ծախսը լինելու է վեց միլիարդ, բայց եղած օրենսգրքի փաթեթում ես չեմ կարող վեց միլիարդը տեսնել, ես տեսնում եմ տասն անգամ ավելին: Բայց դեռ նշում են, որ աշխատանքը ընթանում է և Ազգային ժողովում քննարկվելու է»:

x