«Դուք ռասիստ ազգայնամոլ եք». Կարո Փայլանը՝ թուրք նախկին պատգամավորին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսհայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության նախկին պատգամավոր, իր հակահայկական գործունեությամբ հայտնի Սինան Օղանին։

Վերջինս Twitter-ի էջում դժգոհություն էր հայտնել, որ Թուրքիայի Կարսի, Վանի և Իգդիրի քաղաքապետարաններում վերջին ժամանակներս հաճախակի են հյուրընկալվում հայկական տարբեր պատվիրակություններ։

Ըստ նրա՝ այդ ամենը պատակահականություն չէ։ Ընդ որում հակահայ գործիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նմանատիպ այցերը շատացել են հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքում այդ քաղաքներում հաղթել են քրդամետ կուսակցության ներկայացուցիչները։

Կարո Փայլանը, Օղանին մեղադրելով այլատյացություն դրսևորելու մեջ, Twitter-ում հետևյալ գրառումն է արել.

«Ռասիստները, ժողովուրդների միջև բաժանարար գծեր քաշելով, ատելության քաղաքականություն են իրականացնում։ Մինչդեռ դեմոկրատները, խաղաղության կամուրջներ հիմնելով, իմաստազրկում են բաժանարար գծերի գոյությունը։
Դուք ռասիստ թուրք ազգայնամոլ եք։

Մենք հավատում ենք ժողովուրդների եղբայրությանը։
Ու անելու ենք այնպես, որ ժողովուրդներն անպայման գրկախառնվեն»:

x