«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է արգելել փոքր ՀԷԿ–երի կառուցումը Սեւանի կենտրոնական եւ անմիջական գոտիներում |news.am|

news.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում։

«Առաջարկության նպատակն է բացառել լճի ջրային բացասական հաշվեկշիռը եւ այն` որպես խմելու ջրի պաշար պահպանել:

Օրենքի նախագծում առաջարկվում է նաեւ արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը կենտրոնական եւ անմիջական գոտիներում»,–ասված է պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի հիմնավորման մեջ:

Պատգամավորը, մասնավորապես, առաջարկում է հետեւյալ փոփոխությունները օրենքում.

«Հոդված 1. «Սեւանա լճի մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ- 190 օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանը շարադրել նոր խմբագությամբ.

«Սույն օրենքը սահմանում է Սեւանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) եւ հոգեւոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման եւ դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սեւանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է:

Սույն օրենքի առաջնային նպատակը Սեւանա լիճը` որպես խմելու ջրի պաշար պահպանելն է: Այլ նպատակով լճի ջրի օգտագործումը (հողերի ոռոգում, էներգետիկ եւ այլն) ստորադասվում է առաջնային նպատակին»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն: Կենտրոնական եւ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:»

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» ենթակետից հանել «(բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի)» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Սեւանա լիճը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այն համարվում է խմելու համար պիտանի բնական ջրամբար: 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել:

2012 թվականին «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվեց` լճի ջրային բացասական հաշվեկշիռ ունենալու հնարավորություն (օրենքով նախատեսված դեպքերում), որը տեղի ունեցավ 2012, 2014 եւ 2018 թվականներին:

Սեւանա լճի մակարդակի իջեցման հետեւանքով, ջրի տաքացման, ջրիմուռների բազմացման շնորհիվ մեծացել է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը եւ բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը:

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը:

x