Հայկական քաղաքականությունը վերջին հարյուր տարում կառուցվել է ժողովրդական շարժումների շուրջ. Հրանտ-Տեր Աբրահամյան |tert.am|

tert.am։ Սամվել Ֆարմանյանի և Հրանտ Տեր Աբրահամյանի քննարկման հերթական թեման ժողովրդավարությունն է և դրա ժամանակակից ընկալումները՝ մասնավորապես հայկական իրականությունում։

Ֆարմանյանը նշեց, որ ոչ միայն հայ, այլև հետխորհրդային գրեթե ողջ հասարակություններում կար մտայնություն, որ ժողովրդավարությունը հասարակական հարաբերությունների այնպիսի նորմերի ամբողջություն է, որն ընդունելու դեպքում հասարակությունները կարող են հասնել գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծմանը։

Անցումային ժողովրդավարության երկրներում սպասումը այս առումով առավել արտահայտված է, մինչդեռ դրան զուգահեռ աշխարհում տեղի է ունենում այս արժեքների որոշակի ճգնաժամ։ Սա արտահայտվում է նաև մեր քաղաքական դիսկուրսում, ընդ որում, օբյեկտիվորեն հաշվի առնելով վերջին 25 տարում այս արժեքների որդեգրմամբ հասարակարգ կառուցելու ջանքերն ու արդյունքները։

Տեր-Աբրահամյանը կարծում է, որ ժողովրդավարության մասին պատկերացումները հաճախ արհեստական կամ իներցիոն դրսևորումներ են ստանում՝ կորցնելով իրենց բովանդակային կողմը։ Ինչպես ցանկացած հասկացություն, այն ևս պատմական փուլերում որոշակի մեկնաբանություն և ընկալումներ է ունեցել և շարունակում է ունենալ։ Այս առումով՝ նա կարևոր է համարում քննարկումների ու բանավեճերի շարունակականությունը տվյալ հասկացության վերաբերյալ։

Խոսելով ժողովրդավարության հնարավոր ճգնաժամի մասին՝ Տեր-Աբրահամյանը այս երևույթը համարեց սխալ ընկալումների, ոչ ճիշտ վերլուծությունների արդյունք։ Ֆարմանյանը անդրադարձավ ժողովրդավարության դասական ընկալումների գոյություն ունեցող ճգնաժամին՝ համարելով այն դրա մեխանիկական պատճենման ձախողված փորձերի արդյունք, որոնք նաև պատճառ են դառնում կառավարման այլ համակարգերի անցման շուրջ քննարկումների ծավալմանը։

Ֆարմանյանը այս ճգնաժամը հարմար առիթ է համարում ազգային ժողովրդավարության և հայկական ժողովրդավարության ապագայի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար։

 

 

x