111 գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ վճիռներով Հայաստանը հատուցել է 1 մլն 360 հազար եվրո |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի, կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է այսօր ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից գումարների փոխհատուցման ծավալը եւ ո՞ր գործերով են հիմնականում գնում ՄԻԵԴ։

Փոխնախարար Արտակ Ասատրյանը ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ 111 գործով վճիռ է կայացվել։ Դրանցից 107 գործով ՄԻԵԴ-ը առնվազն մեկ խախտում արձանագրել է, 4 գործով որեւէ խախտում չի արձանագրվել։ Փոխնախարարը նշեց, որ որոշ գործերով բանակցությունների արդյունքում հաշտություններ են կնքվել։

Ասատրյանը հայտարարեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում կայացված վճիռների հիմա վրա հատուցվել է մոտ 1 մլն 360 000 եվրոյի չափով գումար․

«Ընդհանուր առմամբ, Հայաստանից պահանջվել է 21,5 մլն-ի կարգի գումար, բայց կառավարության առարկությունների արդյունքում չափը նվազեցվել է 1 մլն 360. 000 եվրո։ Այս թիվն ասում եմ բոլոր 111 գործերի կոնտեքստում», - ընդգծեց փոխնախարարը։

Հովհաննես Հովհաննիսյանի մեկ այլ հարցի՝ կա՞ վիճակագրություն, թե ո՞ր դատավորի կայացրած վճիռներն են ավելի խնդրահարույց, թե՞ այդ դատավորները մի քանիսն են, արդարադատության փոխնախարարը պատասխանեց, որ նման ուսումնասիրություն չի արվում, հետեւաբար՝ վիճակագրություն էլ չկա․ «Պետք է հասկանալ՝ ՄԻԵԴ-ում կայացված վճիռների պատճառները որոնք են եղել. երբեմն պատճառներն օրենսդրական թերի կարգավորումներն են։ Այստեղ պետք է հասկանալ՝ դատավորն ինչ դիտավորություն է ունեցել, այսպես ասած, «անձի իրավունքների խախտման» կոնտեքստում եւ դրա արդյունքում քննարկել՝ արդյոք կոպիտ դիտավորություն կամ խախտում կա՞, որի արդյունքում կարելի է ներկայացնել համապատասխան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ինչը պարբերաբար քննարկվում է եւ մեր հսկողության տակ է գտնվում», - եզրափակեց Ասատրյանը։

x