ՊՆ է հրավիրվել առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար օգնություն խնդրող կապիտանը |armtimes.com|

armtimes.com:  Օրեր առաջ կապիտան Սերգեյ Համբարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր իր երկու որդիների առողջական խնդրի, ընտանիքի ծանր սոցիալական դրության եւ միլիոնների հասնող վարկերի մասին: ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատար կապիտան Համբարյանն օգնության խնդրանքով դիմել էր ՀՀ համապատասխան գերատեսչություններին, պաշտոնյաներին եւ բարերարներին:

Սերգեյ Համբարյանը Ստեփանավան քաղաքի բնակիչ է, ունի երեք անչափահաս երեխա, որոնցից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Համբարյանը պատմեց, որ 7 եւ 4 տարեկան տղաների մոտ վաղաժամ սեռական հասունացում եւ հորմոնային խնդիրներ են: 7-ամյա Ալեքսանդրի եւ 4-ամյա Աշոտի բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Հայաստանում, պարզապես բավականին երկարատեւ պրոցես է: Մինչեւ չափահաս դառնալը տղաները պետք է պարտադիր բուժում ստանան:

Սերգեյ Համբարյանը հայտնեց, որ երկու երեխաների բուժման համար ամսական մոտ 200 հազար դրամ է ծախսում, եւ 700 հազար դրամ էլ վարկ վճարում: Կապիտանի աշխատավարձն այս պահին չի գերազանցում 235 հազար դրամը:

«Այս ընթացքում որոշ չափով եղբայրներս են օգնել, բայց հսկայական պարտքերի տակ եմ ընկել: Սրանից մի 12 տարի էլ պետք է, որպեսզի կարողանամ որդիներիս բուժումը շարունակել տալ: Պահանջվող դեղերը Հայաստանում շատ թանկ են, Վրաստանից եմ առնում: Մեծս 28 օրը մեկ սրսկվում է, ամենօրյա դեղեր օգտագործում, իսկ փոքրս օրը 6 կոճակ խմում»,-հայտնեց Համբարյանը, ասելով, որ երեխաներն ընդհանուր առմամբ լիարժեք կյանքով են ապրում, պարզապես եթե մեկ օր չօգտագործեն անհրաժեշտ դեղամիջոցները՝ ծանր հետեւանքներ կունենա: Դուստրը 6 տարեկան է, բարեբախտաբար որեւէ առողջական խնդիր չունի:

Կապիտան Համբարյանից հետաքրքրվեցինք, թե իր ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո համապատասխան գրեատեսչություններից կամ այլ անձանցից արձագանք եղե՞լ է. պարզվեց՝ վերջինիս զանգահարել են պաշտպանության նախարարությունից, նաեւ քաղաքացիներ:

«Զանգել են նաեւ տարբեր քաղաքացիներ. այս մի քանի օրվա ընթացքում արդեն 150 հազար դրամ գումար է հավաքվել: Բոլորից էլ շատ գոհ եմ, կարող եմ ասել, որ հասարակ քաղաքացին ավելի շատ է մտահոգված իմ խնդրով քան համապատասխան մարմինները որոնց ես դիմել էի»,-ասաց նա:

Կապիտան Համբարյանը նշեց, որ մոտավորապես 4-ից 5 անգամ նախկինում դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, սակայն աջակցություն չի ստացել: «Բոլորի պատասխաններն էլ ունեմ. հայտնում են, որ ըստ օրենքի ոչինչ չեն կարող անել, բայց այդ օրենքն էլ հո իրենք են ստեղծել: Իրենք ուղղակի չեն ուզում խնդիրը լիարժեք հասկանալ եւ որեւէ աջակցություն տալ»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ իր տարածած տեսանյութում Համբարյանը հայտնել էր, որ երեխաների բուժման համար արդեն 15 միլիոն դրամ վարկ ունի եւ այլեւս ոչ մի ելք չի տեսնում: «Փառք աստծո, երեխաներիս կարողացել եմ պահել առ այսօր, բայց հիմա այնպիսի իրավիճակում եմ հայտնվել, որ այլընտրանք չունեմ: ...Հայրս նույնպես՝ 27 տարի շարունակ ծառայել է զինվորական համակարգում. Ստեփանավանում ապրում եմ պետության կողմից հատկացված բնակարանում, որեւէ սեփականություն չունեմ: Կոչումով կապիտան եմ, ծառայության ընթացքում ստացել եմ բազմաթիվ պարգեւներ: Հայոց բանակի սպան չպիտի այս օրն ընկնի, հայոց բանակի սպան պիտի ուժ ու եռանդ ունենա, որպեսզի կարողանա հայրենիքը պահել, իսկ հայրենիքը սկսվում է տնից: Ամեն ամիս իմ աշխատավարձից 1000 դրամ փոխանցում եմ զինվորականների ընտանիքներին. այսօր նույն կարգավիճակում ես եմ հայտնվել: Կներե՛ք ինձ, ժողովո՛ւրդ ջան, կեներե՛ք ինձ, կառավարությո՛ւն, կներե՛ք ինձ, Պաշտպանության նախարարությո՛ւն, բայց իրավիճակն այսօր այսպիսին է: Հարցը շատ խորքային է ու շատ ծանր: Ես չեմ խուսափում վարկերի մուծումներից, չեմ ուզում ինձ մուրացկանություն տաք: Ուզում եմ ինձ օգնեք, որ ոտքի կանգնեմ, որ ընտանիքս չկործանվի: Պարտադիր չէ, որ մարդ գնա իրեն մոստից գցի, հետո ասեն՝ մեզ որ դիմեր կանեինք, օգնեք հիմա, ես ձեր կարիքն ունեմ».- ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր նա:

Շարունակությունը՝ armtimes.com

x