Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով․ ՔԿ
11:07 - 20 հունիսի,2021

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ընտրակաշառք տալու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

 

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, խուզարկություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել