Մենաշնորհներն այսօր․ բենզին ներմուծողների թիվը պակասել է մեկով, շաքարավազինը, ալյուրինը, կարագինը՝ կրճատվել է մոտ երկու անգամ #FreeZone

Նոր իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանում չպետք է լինեն մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր: Հասկանալու համար՝ իշխանափոխությունից հետո փաստացի ինչ է փոխվել Հայաստանում մենաշնորհային համարվող չորս ապրանքատեսակների՝ բանան, կարագ, շաքարավազ, բենզին, շուկաներում, և ինչպիսի գործունեություն են ծավալում տնտեսական մրցակցություն ապահովող մարմինները նոր իրողությունների պայմաններում, մինչև 2018 թ. մայիս ամիսն ու դրանից հետո համեմատական վերլուծություն կատարելու համար առաջադրեցինք հարցերի որոշակի շրջանակ: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Բացի բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելուց՝ ՏՄՊՊՀ խնդիրներն են՝ հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

ՏՄՊՊՀ-ից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2016-19 թթ. ընթացքում բանանի, շաքարավազի, ալյուրի, կարագի, բենզինի շուկաներում որևէ ընկերություն Հանձնաժողովի կողմից չի ճանաչվել որպես գերիշխող դիրք ունեցող:

Առանձին ընկերությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ փոխանցվել է, որ ապրանքային շուկաներում դրանք գերիշխող են եղել մինչև 2016 թվականը: Այսպես՝ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ 68-Ա որոշմամբ «ադամաթուզ (բանան)», «ԱլեքսԳրիգ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 347-Ա որոշմամբ «շաքարավազ» և Հանձնաժողովի 2010 թվականի մարտի 19-ի թիվ 23-Ա որոշմամբ «կարագ», «Մանանա Գրեյն» և «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ները Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 14-ի թիվ 87-Ա որոշմամբ «ցորենի ալյուր», «Ֆլեշ» և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ները Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի թիվ 47-Ա որոշմամբ «բենզին» ապրանքային շուկաներում ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող: Բայց հաջորդիվ Հանձնաժողովի պատասխանում նշված է, որ 2016, 2017, 2018 թթ. «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին է պատկանել բանանի ընդհանուր ներմուծուման ծավալների համապատասխանաբար՝ 57, 57 և 30 տոկոսը, 2016, 2017, 2018 թթ. «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ին է պատկանել պատրաստի շաքարավազի ներմուծման ծավալների համապատասխանաբար՝ 95, 97 և 78 տոկոսը, 2016, 2017, 2018 թթ. «Ֆլեշ» ՍՊԸ-ին է պատկանել բենզինի ներմուծուման ծավալների համապատասխանաբար՝ 36, 43 և 29 տոկոսը:

Այսինքն՝ մի կողմից հերքելով 2016 թվականից ի վեր հայցվող շուկաներում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների առկայությունը՝ ՏՄՊՊՀ-ն հենց իր տրամադրած փաստերով և մատնանշած իրավակարգավորումներով (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում՝ շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետով) հաստատել է նշված ընկերությունների շարունակական գերիշխող դիրքը ապրանքային շուկաներում:

Իրացման ծավալներով շուկայի առնվազն մեկ երրորդը գրավելու հիմքով միայն «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն 2016, 2017 թթ. գերիշխող դիրք է զբաղեցրել բանանի, «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ն՝ 2016, 2017, 2018 թթ. շաքարավազի, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2016, 2017 թթ. բենզինի շուկաներում: Իսկ ապրանքի 95, 97 տոկոս ներմուծումն արդեն բացարձակ իշխանության և մենաշնորհը փաստող տվյալ է, որն էլ շաքարավազի շուկայում վերապահված է եղել «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ին 2016-2017 թթ.:

Փաստացի գերիշխող դիրքը բացառելուց բացի՝ ՏՄՊՊՀ-ն հավաստիացրել է, թե վերջին տարիների ընթացքում նշված ապրանքային շուկաներում առավել խոշոր ընկերությունների կողմից Օրենքի խախտման փաստեր չեն հայտնաբերվել, և իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ մրցակցության օրենսդրության խախտման փաստեր չեն հայտնաբերվել: Այն դեպքում, երբ քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, ՀԿ-ներից բազմաթիվ են ահազանգերը մենաշնորհային շուկաներում տիրող բարքերի մասին:

Բենզինի շուկայում ՏՄՊՊՀ-ն «Ֆլեշի» կողմից ներմուծման ծավալ է նշել 29%, բայց ամբողջ հանրապետությունում բենզինի գնի միաժամանակյա բարձրացման և իջեցման երևույթը կարող է թերևս միայն օլիգոպոլիայի մասին վկայել: Հարցադրմանը՝ գերիշող դիրք գրավող կազմակերպություններն ունեն արդյոք ապրանքների իրացմամբ զբաղվող ցանցեր, որոնք խաթարում են բարեխիղճ մրցակցությունը շուկաներում, Հանձնաժողովից պատասխանել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում:

Գուցե Հանձնաժողովի ուղղակի գործառույթը չէ, բայց դրա վերաբերյալ էլ պետք է վերլուծություններ լինեն, և հայտնաբերման դեպքերում միջոցներ ձեռնարկվեն, որովհետև ակնհայտ է, որ շատ կազմակերպություններ տրոհվում են փոքր ընկերությունների՝ նախ հարկային պարտավորություններից խուսափելու, ապա նաև շուկայում մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով:

ՏՄՊՊՀ-ն փաստորեն չի զբաղվում իր գործառույթներով՝ միաժամանակ ապակողմնորոշելով իր հակասական պատասխաններով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալներով՝ «Ալեքս Գրիգ» և «Ալեքս Հոլդինգ» ընկերությունները 2017թթ. միաժամանակ հանդես են եկել միևնույն՝ շաքարավազի շուկայում, 2016թ. և 2017 թ.՝ միաժամանակ կարագի շուկայում: 2018-ից կարագի և շաքարավազի շուկաները «Ալեքս Հոլդինգն» առերևույթ արդեն կիսել է «Ալեքս էնդ հոլդինգի» հետ, ու 2019-ին արդեն վերջինս է հանդես գալիս կարագի շուկայում:

«Ալեքս Գրիգը» և «Ալեքս Հոլդինգը», ըստ մամուլի հրապարակումների, միևնույն սեփականատիրոջն են պատկանում: Ուշագրավ է, որ ՏՄՊՀՀ-ն էլ իր գրությամբ այն որպես մեկ ընկերություն է ներկայացրել՝ մյուս անվանումը նշելով փակագծում՝ «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ»): Երկու տեղեկատվության դեպքում էլ սեփականատերը, նշանակում է, տրոհել է իր ընկերությունը վերոնշյալ պատճառներով: Պատկան մարմինների կողմից սրա վերաբերյալ էլ որևէ ուսումնասիրությամբ որևէ գնահատական տրված չէ:

Պետական եկամուտների կոմիտեից հայցվող տվյալները խնդրել էինք ներկայացնել եռամսյակային կտրվածքով: ՊԵԿ-ը միայն ներմուծող կազմակերպությունների պետական բյուջե մուծած հարկերի և ընդհանուր հարկային մուտքերի մեջ հարկերի տեսակարար կշռի վերջին երկու տարիների տեղեկատվությունն է տրամադրել այդ սկզբունքով, մյուս տվյալները ներկայացրել է տարվա կտրվածքով:

Այդուհանդերձ, Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած՝ 2016-19թթ. Հայաստան բանան, շաքարավազ, ալյուր, կարագ և բենզին ներմուծման ընդհանրական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատությամբ բանանի շուկայում ներմուծողների թիվը նույնությամբ պահպանվել է, բենզինի շուկայում պակասել է մեկով, շաքարավազ, ալյուր, կարագ ներմուծողների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ:

2019թ. ապրիլի 30-ի դրությամբ ներմուծվել է նույնքան բենզին, որքան ամբողջ անցյալ տարվա (և նախորդած) տարիների ընթացքում: Հարկային մարմին վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվության համաձայն էլ՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 11063,1 մլն դրամով ավել է մուտք եղել բյուջե, երկրորդ եռամսյակում՝ 13001,2 մլն դրամով պակաս: Ընդհանուր հարկային վճարումների մեջ տեսակարար կշիռը 2018-ի առաջին եռամսյակում՝ 14,6 էր, 2019-ի առաջին եռամսյակում՝ 15,8, 2018-ի երկրորդ եռամսյակում՝ 10,9, երկրորդ եռամսյակում՝ 10,2:

ՊԵԿ-ի տվյալներից նաև տեսանելի է, որ լինելով հիմնական տնտեսվարողներ՝ շատ ընկերություններ փորձել են ընդլայնել իրենց ազդեցությունը և մինչև 2019 թվականը հիմնական ներկրողներ են եղել միաժամանակ մի քանի ապրանքային շուկաներում («Դուստր Մարիաննան» հիմնական կարագ ներմուծող է 2016, 2017, 2018, 2019 թթ., բայց միաժամանակ նաև շաքարավազ ու ալյուր է ներմուծել 2018-ին, «Գրանդ Քենդին» ևս հիմնական կարագ ներմուծողներից է 2016, 2017, 2018, 2019 թթ. , որը միաժամանակ շաքարավազ է ներմուծել 2016-2017թթ., «Նոր զովքը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալյուրի և շաքարավազի մշտական ներկրողն է, միաժամանակ նաև կարագ է ներմուծել 2016, 2017, 2018 թթ., «Սաս Գրուպը» 2016, 2017, 2018, 2019թթ. շաքարավազի, 2017, 2018, 2019 թթ. կարագի, 2016, 2019 թթ. բանանի հիմնական ներմուծողներից է, «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարք. էյէմը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալյուր և 2017, 2018, 2019 թթ. նաև շաքարավազի հիմնական ներմուծողներից է):

Այժմ բացառությամբ մի քանի դեպքերի՝ նրանք իրենց դիրքերը պահպանում են մեկ հիմնական շուկայում, որտեղ կայուն ներկրողներ են 2016-19 թթ. ընթացքում:

Ադրինե Թորոսյան

 

Վերլուծությունն իրականացվել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) պատվերով՝ փոքր դրամաշնորհների մրցույթի շրջանակում

x